Մի անգամ կեսօրից հետո Անջելան ու Յուջինը գնացել էին Օկունի փոքրիկ լիճը՝ զբոսնելու: Մոտենում էր երեկոն, թովիչ մի երեկո, որ երբեմն լինում է ամառային օրերին և պատմում է սիրո ու գեղեցկության մասին: Որքան հաճելի ու տաք էր: Ծառերն այնպիսի հանգստացնող, սփոփիչ ստվերներ էին գցել, որ Յուջինի սիրտը ճմլվում էր: Նա երիտասարդ էր, իսկ կյանքը նրա համար գեղեցիկ: Հուզմունքի էքստազի մեջ Յուջինը Անջելայի դեմքը առավ ափերի մեջ՝ նորից խոսելով սիրո մասին:

-Ինչպիսի՜ հրաշալի օր է, ես ամբողջովին փոխվել եմ,-ասաց նա,-որքան գեղեցիկ է կյանքն այստեղ: Որքան հաճելի ու խաղաղ անկյուն է այս: Իսկ դու, օ՜հ, դու,-մնացածը նա ասաց համբույրներով:
Մի որոշ ժամանակ էլ նրանք մնացին այնտեղ, ապա վերադարձան հյուրասենյակ, և Անջելան վառեց լամպը, որը դեղին, թույլ շողեր տարածեց սենյակի մեջ, այնքան, որ ջերմություն զգացվեր: Սկզբում նրանք նստեցին իրար կողքի երկու ճոճաթոռների, ապա բազմոցի վրա. Յուջինը գրկել էր նրան: Անջելան հագել էր տնային լայն, դեղնորակ մի շոր: Յուջինը համոզեց նրան, որ մազերը երկու հյուսքերով ներքև կախի:
ԻՍԿԱԿԱՆ ԿԻՐՔԸ ԼՈՒՌ Է: Այն այնպես լուռ էր Յուջինի հոգում, որ նա սկսեց դիտել Անջելային, կարծես հմայված լիներ: Անջելան հենվեց նրա ուսին, գգվելով նրա մազերին, իսկ հետո նույնիսկ այդ էլ չարեց, որովհետև նրա զգացմունքներն այնքան բուռն էին, որ նա անկարող էր որևէ շարժում անել: Նա Յուջինի մասին մտածում էր որպես երիտասարդ աստծու, ուժեղ, առնական, գեղեցիկ, որն ուներ փայլուն ապագա: Այս բոլոր տարիներին նա սպասել էր մեկին, որ սիրեր իրեն ԻՍԿԱԿԱՆ ՍԻՐՈՎ, և այժմ այս հրաշալի երիտասարդը իրեն գցել էր նրա ոտները: Յուջինը շոյում էր նրա ՁԵՌՔԵՐԸ, պարանոցը, այտերը, ապա դանդաղորեն նրան ավելի մոտ քաշելով, գլուխը հենեց Անջելայի կրծքին:


Անջելան դաստիարակված էր ուժեղ ավանդությունների, ծնողների պատվերների, ընտանիքի և իրենց դիրքի մասին ունեցած ըմբռնումների մեջ, բայց այս դրությունը ավելի ծանր էր, քան նա կարող էր դիմադրել: Նա նախ ընդունեց Յուջինի թեթև ճնշումը, ապա նրա աննկատ, նուրբ շարժումները, որոնցով գգվում էր իրեն: Դիմադրելը համարյա անհնար էր թվում այժմ, որովհետև Յուջինը շատ պինդ էր գրկել նրան և պահում էր իր մագնիսական ուժի սահմաններում: Իսկ երբ, ի վերջո, զգաց Յուջինի ձեռքի ճնշումը իր դողացող սրունքների վրա, ետ նետվեց հոգեվարքի բերկրանքի վերացած զգացումով:
-Ո՛չ, ո՛չ, Յուջին,-աղերսեց նա,-ո՛չ, ո՛չ, փրկիր ինձ ինձանից, փրկիր ինձ ինձանից, օ՜հ, Յուջին:
Յուջինը մի պահ կանգ առավ նայելու համար նրա դեմքին, որտեղ տեսավ բուռն տանջանքի գծեր. Անջելան գունատ էր, կարծես հիվանդ լիներ: Նրա մարմինը լրիվ թուլացել էր: Միայն ջերմ, թարմ շրթունքներն էին, որ պատմում էին այս բազմանշանակ պատմությունը: Յուջինը չէր կարող միանգամից կանգ առնել: Դանդաղորեն նա ձեռքը ետ քաշեց, ապա ՆԿԱՐՉԻ իր զգայուն մատներին թույլ տվեց, որ մեղմորեն մնան Անջելայի պարանոցի, կրծքի վրա:
Անջելան թուլացած մաքառեց ու ազատվելով ծնկի եկավ. զգեստը՝ վզի մոտ լայնացել էր:
-Մի արա, Յուջին,-աղերսում էր նա,-մի արա: Մտածիր իմ հոր մասին, մոր մասին: Չէ՞ որ ես միշտ պարծեցել եմ իմ անարատությամբ, իմ վրա նրանք միշտ վստահ են եղել: Օ՜հ, Յուջին, աղաչում եմ:
Յուջինը շոյեց նրա մազերը, այտերը, նայելով նրա դեմքին այնպես, ինչպես Աբելարը՝ Էլոիզին:


-Օ՜հ, գիտեմ, թե ինչու է այդպես,-բացականչեց Անջելան ցնցված եղանակով,-ես որևէ մեկից ավելի լավը չեմ, բայց ես այնքան երկար սպասել եմ, այնքան երկար սպասել եմ: Եվ չպետք է թույլ տամ, Յուջին, չպետք է…օգնիր ինձ:
Յուջինը տարտամորեն հասկացավ: Անջելան սիրահար չէր ունեցել: «Իսկ ինչու՞»,-մտածում էր Յուջինը: Չէ՞ որ նա գեղեցիկ էր: Յուջինը վեր կացավ՝ մտածելով նրան տանել իր սենյակը, բայց կանգ առավ, մտածելով: Անջելան շատ հուզիչ կերպարանք ուներ: Մի՞թե ինքը այսքան վատն էր: Նա նայեց Անջելային և դեռ կիրքը հրապուրում, քշում-տանում էր նրան կամքից անկախ. բայց նա կանգ առավ.
-Վեր կաց, Անջելա,-ասաց նա վերջապես ինքն իրեն հավաքելով ու լարված նայելով նրան: Անջելան վեր կացավ:-Այժմ գնա, անմիջապես, եթե չգնաս, ես պատասխանատու չեմ ինձ համար: Ես փորձում եմ իշխել ինձ վրա: Խնդրում եմ, գնա՛:
Անջելան կանգ առավ, ահաբեկված ու վշտալի նայելով նրան:
-Օ՜հ, ներիր ինձ, Յուջին,-աղերսեց նա:
-Դու՛ ներիր ինձ,-ասաց Յուջինը,-ի՛նձ պետք է ներել: Բայց այժմ գնա, հարազատս: Չգիտես, թե որքան դժվար է այդ: Օգնիր ինձ այստեղից գնալով:
Անջելան շարժվեց դեպի դուռը, Յուջինը տենչալի, հրավառ աչքերով հետևեց նրան, մինչև նա դուրս եկավ սենյակից: Երբ Անջելան մեղմորեն փակեց դուռը, Յուջինը գնաց իրեն հատկացված սենյակն ու նստեց: Ամբողջ մարմինը ջարդված էր ու հոգնած: Ոտքից գլուխ ցավում էր այն բուռն ապրումից, որով անցել էր: Նա վերհիշեց վերջին դեպքը և գրեթե անզգայացավ իր այդ վարմունքից: Ապա դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա ու բարձրաձայն մտածեց:
-Ի վերջո ի՞նչ է կյանքը,-հարցրեց նա ինքն իրեն:-Ի՞նչ է մարդկային մարմինը: Ինչի՞ց է առաջանում կիրքը: Այստեղ մենք մի քանի տարի գալարվում ենք տենչերի տենդով և այրվելով սպառվում, մեռնում ենք:
ՆԱ ՄՏԱԾԵՑ ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ԳՐԵԼ, ՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ՆԿԱՐԵԼ: ԻՍԿ ՆՐԱ ՄՏՔԻ ԱՉՔԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՆՄԱՆ ՊԱՏԿԵՐՎՈՒՄ ԷՐ ԱՆՋԵԼԱՅԻ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ, ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ ԷՐ ԱՅԴ ԵՐԵԿՈ՝ ԻՐ ԹԵՎԵՐԻ ՄԵՋ ԿԱՄ ԾՈՒՆԿԻ ԵԿԱԾ: ՆԱ ՏԵՍԵԼ ԷՐ ՆՐԱ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ: ՊԱՀԵԼ ԷՐ ՆՐԱՆ ԻՐ ԳՐԿՈՒՄ. ԱՅԴ ԳԻՇԵՐ ՆԱ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷՐ ԱՆՋԵԼԱՅԻ ՀՄԱՅՔՆԵՐԻՑ: ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՏ ԲԱՆ ՏԵՂԻ ՉԷՐ ՈՒՆԵՑԵԼ: ԵՐԲԵՔ ԷԼ ՉՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՐ…

Դժվար կլիներ ասել, թե այդ նշանակալից գիշերվա իրադարձությունները ինչ չափով փոխեցին Յուջինի վերաբերմունքը Անջելայի նկատմամբ, եթե իսկապես փոփոխություն կար: Նա հակամետ էր նրան ավելի շատ սիրել, ինչպես ինքն էր անվանում, նրա մարդկայնության համար: Այդպես անկեղծորեն թուլությունը խոստովանելը և իրեն փրկելու անկարողությունը հոյակապ էր: Յուջինի համար բախտավորություն էր և հոգեկան բարձրացում, որ առիթ ունեցավ կատարելու մի ազնիվ գործ: Այժմ նա գիտեր, որ Անջելային կարող է տիրել, եթե ուզենա, բայց երբ նորից հանդարտվեց, որոշեց ուղղամիտ լինել և չպնդել: ՆԱ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՊԱՍԵԼ:
Անջելայի հոգեվիճակը, ընդհակառակը, ողբալի էր, երբ նոպան անցնելուց հետո նա հասել էր իր սենյակը: Մինչ այդ նա իրեն համարել էր հարգանքի արժանի ու առաքինի աղջիկ: Նրա նկարագրի մեջ կար ամոթխածության որոշ թույլ հետք, որը հեշտությամբ նրան կարող էր հասցնել ծերացած օրիորդի վիճակին, եթե Յուջինը, նկատի չունենալով կամ չհասկանալով իր գերազանցությունը, ավանդական տեսությունների նկատմամբ լինելով անտարբեր և անտեսելով նյութական բարեկեցությունն ու տարիքի տարբերությունը չմոտենար ու չսիրեր նրան: ՅՈՒՋԻՆԸ ԱՆՋԵԼԱՅԻ ՈՒՂԵՂԸ ԼՑՐԵԼ ԷՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՓՈԹՈՐԻԿՈՎ, ՈՐՈՆՔ ՄԻՆՉ ԱՅԴ ԽՈՐԹ ԷԻՆ ՎԵՐՋԻՆԻՍ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ, և միաժամանակ Անջելայի համար դարձել էր անառարկելի օրենք: Նա ուրիշ տղամարդկանց նման չէր: Անջելան կարող էր այդ տեսնել: Նա մյուսներից բարձր էր: Յուջինը գուցե շատ դրամ չհաներ, քանի որ նկարիչ էր, բայց կարող էր այլ բաներ անել, որոնք Անջելայի համար ավելի ցանկալի էին: Հռչակ, գեղեցիկ նկարներ, նշանավոր ընկերներ, մի՞թե դրանք դրամից շատ ավելի բարձր չէին: Անջելան ամբողջ կյանքում երբեք, երբեք շատ դրամ չեր ունեցել, և որքան էլ Յուջինը շահեր, նրա համար բավական էր: Յուջինը կարող էր մտածել, որ ամուսնանալու համար շատ միջոցներ են պետք, մինչդեռ Անջելան ուրախությամբ, հանուն Յուջինի, պատրաստ էր ռիսկի դիմելու, որքան էլ պայմանները վատ լինեին:


Այս վերջին դեպքը ոչ միայն նրա մտքից կորզեց իր առաքինության անդրդվելիության մասին խնամքով սնուցած հավատքը, այլև մի աղետալի ուրվական բարձրացրեց Յուջինի սիրո մասին: Այժմ, երբ ինքը թույլ էր տվել Յուջինին այն թանկագին խանդաղատանքները, որ պետք է վերապահված լինեին միայն ամուսնության մահճի համար, Յուջինը կսիրե՞ր իրեն այնպես, ինչպես առաջ: Չէ՞ր մտածի, թե ինքը թեթևամիտ աղջիկ է, հեշտությամբ եղծվող արարած, որը հարմար մոմենտի է սպասում՝ անձնատուր լինելու: Զգում էր, որ այդ ժամին ինքը լրիվ կորցրել է ճշտի ու սխալի մասին իր գիտակցությունը: Հոր նկարագիրը, նրա սկզբունքները, մոր պարկեշտությունը, եղբայրների առաքինությունը, իրենց մաքուր մտքով, շիտակ կենցաղով ու քույրերը, այս բոլորը մոռացվեցին այդ ժամին և ահա ինքը, արատավորված մի աղջիկ. ճիշտ է, դեռ առաքինի է բառիս տեխնիկական իմաստով, բայց և այնպես արատավորված է: Ավանդականորեն դաստիարակված խիղճը սարսափելիորեն խեղդում էր նրան, և նա սրտում ողբում էր: Առավոտ վաղ նա դուրս եկավ սենյակից և, նստած թաց կանաչ խոտի վրա մտածում էր: Ամենուրեք զով էր ու խաղաղ, բացի իր հոգուց: Նա դեմքը ծածկել էր ձեռքերով, զգում էր այրվող այտերի ջերմությունը: Նա հարցնում էր ինքն իրեն, թե ի՞նչ էր Յուջինն այդ րոպեին մտածում իր մասին: Ի՞նչ կմտածեր հայրը, մայրը: Մի քանի անգամ գալարեց ձեռքերը և վերջապես գնաց ներս. գուցե կարողանար մի քիչ հանգստանալ: Չի կարելի ասել, որ նա չէր զգում այդ դեպքի գեղեցկությունն ու պատճառած ցնծությունը, բայց նեղվում էր մի բանից, որ ինքը պարտավոր է մտածել, թե դա ինչ հետևանքներ կունենար իր համար: Պահել Յուջինին այժմ… դա նուրբ հարց էր: Կարո՞ղ էր այժմ էլ, առաջվա նման, գլուխը հենել նրա կրծքին Կարո՞ղ էր այսուհետև պահել նրան ավելի առաջ գնալուց. դժվար էր, և նա ամբողջ գիշեր անհանգիստ տարուբերել էր գլուխը, շատ քիչ էր քնել: Առավոտյան նա վեր կացավ հոգնած ու մտահոգ, բայց առաջվանից ավելի սիրով: Այս զարմանալի երիտասարդը նրա համար հայտնաբերել էր բոլորովին նոր և անսահման դրամատիկական մի աշխարհ:
Երբ առավոտյան, նախաճաշից առաջ հանդիպեցին իրար տան առջև, Անջելան սպիտակ շորեր էր հագել: Նա չափազանց գունատ էր ու նուրբ տեսք էր ստացել. աչքերում երևում էին մթագնած օղակներ, ինչպես և աղոտ մտքեր, որ տանջում էին նրան: Յուջինը համակրանքով բռնեց նրա ձեռքը:
-Մի մտատանջվիր,-ասաց նա քնքուշ ժպիտով,-հավատա, դա այնքան վատ չէ, որքան կարծում ես:
-Օ՜հ, Յուջին, այժմ ես ինձ չեմ հասկանում,-ասաց նա վշտալի ձայնով,-ես կարծում էի, թե դրանից լավն եմ:
-Մեզնից ոչ մեկը դրանից լավը չէ,-պատասխանեց Յուջինը,-միայն երբեմն կարծում ենք, որ լավն ենք: Դու ինձ համար այժմ էլ նույնն ես: Ուրիշ բան մի տածիր:
-Օ՜հ, Յուջին, ճի՞շտ ես ասում,-հարցրեց նա անձկալից:
-Միանգամայն ճիշտ,-պատասխանեց նա,-սերը երկուսի մեջ սարսափելի լինել չի կարող: Ընդհակառակը, քնքուշ բան է: Ինչու՞ պետք է այժմ վատ մտածեմ քո մասին:
-Օ՜հ, որովհետև լավ աղջիկները չեն անում այն, ինչ ես եմ արել: Ինձ մեծացրել են ավելի լավն իմանալու, ավելի լավ բաներ անելու համար:
-Այդ բոլորը նախապաշարմունք է, սիրելիս, որը դու բխեցնում ես քո դաստիարակությունից: Դու մտածում ես որ դա սխալ է: Ինչու: Որովհետև հայրդ ու մայրդ են քեզ այդպես ուսուցանել: Ճիշտ չէ՞:
-Օ՜հ, միայն այդ չէ: Բոլորն էլ կմտածեն, որ դա ճիշտ չէ: Այդպես է ուսուցում աստվածաշունչըը: Ամեն ոք ինձնից երես կդարձնի, եթե իմանա:
-Սպասիր մի րոպե,-խնդրեց Յուջինը առարկող տոնով: Նա փորձում էր իր համար լուծել այս առեղծվածը,-աստվածաշունչը թողնենք իր տեղում, ես աստվածաշնչին չեմ հավատում, համենայն դեպս, այ ինձ համար օրենք չէ: Եթե բոլոր մարդիկ մտածում են, թե դա ճիշտ չէ, ապա ասացեք խնդրեմ, արդյոք այդ նշանակու՞մ է, որ ԻՍԿԱՊԵՍ ճիշտ չէ:
Նա դրանով հրաժարվում էր «բոլոր մարդիկ» հասկացողությունից որպես անդրադարձումն այն սկզբունքների, ՈՐՈՆՑՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ:
-Ոչ,-համարձակվեց արտասանել Անջելան կասկածող ձայնով:
-Լսիր ինձ,-շարունակեց Յուջինը,-Կոստանտինոպոլսում ամեքն ոք հավատացած է, թե Մուհամդեը աստծու մարգարեն է: Բայց մի՞թե դրանով նա աստծու մարգարեն կդառնա:
-Իհարկե ոչ:
-Լավ, ուրեմն, այս տանը ամենք ոք կարող էր հավատացած լինել, որ անցյալ երեկոյի մեր արածը սխալ է, թեև այնտեղ ոչ մի սխալ չկար: Այնպես չէ՞:
-Այո,-պատասխանեց Անջելան շփոթված եղանակո: Իսկապես նա չէր հասկանում այդ և չէր կարող առարկել Յուջինին: Յուջինը շատ սրամիտ էր: Այնուամենայնիվ նրա հոգուց բխող սկզբունքներն ու բնազդները բավականին պարզ ձայնով այլ բան էին ասում:
-Այժմ դու մտածում ես, թե ինչ կասեն մարդիկ: Նրանք քեզնից երես կդարձնեն, ասում ես: Դա գործնական հարց է: Հայրդ կարող է քեզ տնից դուրս հանել…
-Կարծում եմ, որ այո, դուրս կանի,-պատասխանեց Անջելան, որ լավ չէր հասկացել, թե ինչպիսի մեծ սրտի տեր էր հայրը:
-Իսկ ես կարծում եմ, որ չէր անի,-ասաց Յուջինը,-բայց դա գործի հետ ոչ մի կապ չունի: Մարդիկ կարող են չհամաձայնել ամուսնանալ քեզ հետ: Դրանք զուտ գործնական հարցեր են: Դու չես կարող ասել, նրանք այդ գործում ճի՞շտ են, թե սխալ, այնպես չէ՞:
Յուջինն իր փաստարկումների մեջ համոզիչ ոչ մի հաստատուն բան չուներ: Նա ավելի շատ չգիտեր, քան որևէ մեկ ուրիշը, թե տվյալ հարցում, որն էր ճիշտը և որը սխալ: Նա միայն խոսում էր ինքն իրեն համոզելու համար, բայց նա այնքան տրամաբանող էր, որ կարող էր Անջելային շփոթության մեջ գցել:
-Չգիտեմ,-ասաց Անջելան տարտամորեն:
-Շիտակ գործը,-շարունակեց Յուջինը վսեմ եղանակով,-այնպիսի մի բան պետք է լինի, որը համապատասխանի ճշմարտության չափանիշներին: Բայց ամբողջ աշխարհում մի մարդ չկա, որ իմանա, թե ինչ է ճշմարտությունը, ոչ մի մարդ: Այդ բանն ասել հնարավոր չէ: Դու կարող ես միայն քո գործերում խելոք կամ անխորհուրդ լինել, որքանով որ այդ վերաբերում է քո անձնական բարօրությանը: Եթե քեզ անհանգստացնողն այդ է, ես հավատում եմ, որ այդ է, ապա կարող եմ ասել, որ ոչինչ չի վատացել, քո բարօրության հետ ոչ մի կապ չունի դա: Ես կարծում եմ, որ ընդհակառակը, դու ավելի լավն ես, որովհետև այժմ ավելի շատ եմ սիրում քեզ…

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել