Այսօր ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցի ամենակարևոր մեսիջը վարչապետի ու իր հարաբերությունները չէին, ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալը չէր, ոչ էլ անգամ չարաբաստիկ 15 միլիարդ դոլար ներդրում բերելու թեմաները։ Գլխավոր ու երևի միակ մեսիջը հետևյալն էր․ Ծառուկյան դաշինքը պատրաստ է կոալիցիայի, իսկ եթե կոալիցիա չլինի էլ, ապա առճակատվելու ոչ մի ցանկություն չունի գործող իշխանությունների հետ։

Սա նշանակում է, որ քաղաքական օրակարգի ամենասուր հարցերը շարունակելու են լինել ԵԼՔ-ի չարաճճիությունները՝ փողոցների անվանափոխության, ռաբիսն արգելելու ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով։ Եթե չլինեն ֆորսմաժորներ, ապա շա՜տ պասիվ աշուն է սպասվում։ Ֆորս մաժորներ ասելով պետք է հասկանալ ՊՊԾ-ի գրավման տիպի գործողություններ, որովհետև ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական դաշտում չկան քիչ թե շատ նշանակալից ու ներկայացուցչական միավորներ, որոնք կարող են հեծնել նման պրոցեսներ, էլ չխոսենք դրանք կազմակերպելու մասին։

Ծառուկյանի մեսիջը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Երբ երկրի երկրորդ խոշորագույն ուժը հայտարարում է իր լոյալության մասին առաջին ուժի նկատմամբ, դա կատակ բան չէ, քանի որ, անկախ ընդդիմության լալահառաչ ու հնամաշ հայտարարություններից՝ կեղծված ընտրությունների մասին, մեզանից յուրաքանչյուրն իր կողքին տեսել ու տեսնում է այն լուռ մեծամասնությանը, որ սուսուփուս գնում և քվե է տալիս ՀՀԿ-ին, Ծառուկյան դաշինքին, ՕԵԿ-ին և այլ ուժերի, որոնց առավել հաճախ են մեղադրում կեղծարարության մեջ։ Այլ հարց է, թե ով հանուն ինչի ու ինչքանի դիմաց է դա անում, բայց, փաստացի, անում է։ Եվ ուրեմն՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրոք ունեն այն հարյուրհազարավոր քվեները՝ անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում այս եղելությանը։

Մյուս եղելությունն էլ այն է, որ երբ քվեների մոտ 80 տոկոսը ստացած քաղաքական ուժերը հայտարարում են, որ առճակատման մեջ չեն ու հավատարիմ են մնում այդ ձևաչափին, ապա ոչ մի ներքին թեմա չի կարող քաղաքական թեժ օրակարգ ապահովել։ Դա հնարավոր է միայն արտաքին միջամտության դեպքում, մեկ էլ՝ պատերազմի։

Մյուս կողմից՝ պետք չէ մոռանալ, որ, այնուամենայնիվ, 2018-ը սարերի հետևում չէ, և այս անդորրն իրականում փոթորկին նախորդող լռությունն է։ Մոռանալ պետք չէ, բայց քաղաքական ապոկալիպսիս սպասել էլ պետք չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել