KGI հայտնի վերլուծաբան Մինգ Չի Կուոն դեռ ամիսներ առաջ մանրամասներ էր հայտնել Apple ընկերության նորագույն սմարթֆոնի՝ iPhone 8-ի տեխնիկական խնդիրների մասին։ Նրա տեղեկություններով՝ այդ խնդիրները պատճառ են դարձել, որ հետաձգվի նոր գաջեթի մասսայական արտադրության ժամկետը։

Սեպտեմբերի 8-ի երեկոյան արդեն Apple ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ անկում է գրանցել iPhone 8-ի տեխնիկական թերությունների մասին Wall Street Journal-ի հրապարակած հոդվածից հետո: Չնայած սրան՝ Apple-ի նորագույն սմարթֆոնի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 12-ին:

Վերլուծաբանների կարծիքով՝ բարձրացված աղմուկը չի կարող ազդել iPhone 8-ի վաճառքի վրա. տեխնիկական թերությունների մասին լուրերի հրապարակումը նախքան հանրահայտ սմարթֆոնի նոր մոդելի զանգվածային արտադրության մեկնարկը սովորական երևույթ է:

Ըստ կանխատեսումների՝ Apple-ի նորագույն սմարթֆոնի ամենակարևոր առանձնահատկությունը OLED տեխնոլոգիայով պատրաստված touch screen tech էկրանն է, ինչպես նաև անլար լիցքավորելու հնարավորությունն ու շուկայական գինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել