Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում Հայաստանը մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ:

Կոնֆերանսի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստան-սփյուռք փոխգործակցությանը, ինչպես նաև նշել, որ ցեղասպանության թեման քննարկվելու է այնքան ժամանակ, մինչև Թուրքիան ընդունի պատմական ճշմարտությունը: Իսկ կոնֆերանսին մասնակից թուրք ներկայացուցիչը ծանր է տարել այդ հիշատակումը և ժխտողականությամբ հանդես եկել: Ի պատասխան՝ Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ իր նախնիները ցեղասպանության հետևանքով հայտնվել են Հալեպում, հետո Սալոնիկում` ընդգծելով, թե թուրք ներկայացուցչի համար ցեղասպանության թեման քաղաքական է, իսկ իր համար՝ իր ընտանիքի պատմությունը:

Այս ուշագրավ երկխոսությունը ևս մի դրվագ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է թուրքական կողմը «ցավոտ» տանում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները միջազգային կոնֆերանսներում: Չնայած այն հանգամանքին, որ ցեղասպանության խնդրի արծարծումը որևէ կերպ չի ազդում թուրքական պետության դիրքորոշման վրա, այնուամենայնիվ, տարբեր միջազգային հարթակներում այս խնդրի գրագետ բարձրաձայնումը Հայաստանի համար ունի իմիջային կարևոր նշանակություն և հող է նախապատրաստում ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսի շարունակականության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել