«Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին պնդում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Նման հայտարարություն նա արել է ադրբեջանական haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում, որը տեղի է ունեցել լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի շրջանակում:
Երեկ «Հայկական ժամանակ»-ը Բագրատյանից փորձեց հետաքրքրվել, թե ե՞րբ և որտեղի՞ց է Հայաստանը ձեռք բերել այդ զենքը, որտե՞ղ է պահվում կամ ինչու՞ չի կիրառվում: Բագրատյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այս հայտարարությունը որակում է որպես յուրօրինակ երևալու մեխանիզմ. «90-ականներին նա ինչ վարչապետ էր, փորձում էր օրիգինալ երևալու համար տարբեր հայտարարություններ անել: Մնում-մնում՝ մի բան խոսում է: Եթե ունենանք, շատ լավ կլինի, մենք միջուկային զենք պարտադիր պետք է ունենանք»:
«Հայկական ժամանակ»-ի այն հարցադրմանը, թե Հայաստանի համար նմանօրինակ հայտարարությունը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա, քաղաքագետը մեկնաբանում է. «Հիմա տեղեկատվական համակարգն այնքան արագ է աշխատում, որ այդ տեղեկությունը ճշտելն այդքան էլ բարդ չէ, բայց չեմ կարծում, որ միջազգային կառույցները նրա այդ հայտարարությանը լուրջ վերաբերվեն: Թուրքերին է վախեցնու՞մ, թող վախեցնի: Իսրայելն ունի, բայց ասում է՝ չունեմ, չեմ տեսել, խաբար չեմ: Գիտեք ինչ կա, Հայաստանում արդեն 15 տարի է, ինչ ձևավորվել է խաբելու ցանկությունը...Պետք է ունենաս, պայթեցնես, որ տեսնեն ունես, չեղած տեղից ինչ է ասում, կարող ա կա, եթե կա, ապա պիտի ասի, թե ինչու է բարձրաձայնում»,- ասում է քաղաքագետը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել