Բաքվում լուրջ անհանգստության տեղիք են տալիս վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման նոր միտումները և մասնավորապես՝ Չինաստանի՝ հարավկովկասյան տարածաշրջանային դիվանագիտությունում Հայաստանի նկատմամբ դրսևորվող հետաքրքրվածությունը։
Վերջերս երկու նշանակալի իրադարձություն արձանագրվեց հայ-չինական համագործակցության զարգացման հարթությունում։ Առաջին՝ չինական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կառուցել իր նոր դեսպանատունը, որն իր ծավալներով եվրասիական տարածաշրջանում երկրորդ խոշոր չինական դեսպանատունն է լինելու։ Սա թերևս խոսում է առաջիկա տարիներին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության համատեքստում հարավկովկասյան ուղղությամբ Պեկինի որդեգրած նոր քաղաքականության մասին։
Երկրորդ՝ հայ-չինական երկկողմ գործակցությունում կարևոր պետք է համարել Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Չինաստան կատարած պաշտոնական այցելությունը, որի արդյունքում կողմերը ձեռք են բերել պաշտպանական, ռազմատեխնիկական ոլորտներում կարևոր պայմանավորվածություններ, այդ թվում և՝ Չինաստանի կողմից Հայաստանին $1.5 մլն անհատույց ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ 
Ինչպես արդեն նշվեց, Բաքվում բավական ցավոտ են ընկալվում նման զարգացումները, հատկապես, երբ խոսքը գնում է Հայաստանի ռազմական, ռազմատեխնիկական ոլորտի զարգացման մասին։ Այս տեսանկյունից սպասելի է Բաքվի կողմից տեղեկատվական դաշտում ուղղորդված այն հրապարակումների, գնահատականների սփռումը, որոնք նպատակ են հետապնդում հայ-չինական տնտեսական, պաշտպանական գործակցության շուրջ վերջին պայմանավորվածությունները դարձնել հայ-ռուսական պետական-քաղաքական քննարկումների առարկա՝ փորձելով այս հարցում արհեստականորեն հրահրել Ռուսաստանի դժգոհությունը։ Իհարկե, միգուցե Չինաստանի հետ հայկական կողմի ձեռք բերած պայմանավորվածություններն այնքան էլ միանշանակ ընկալում չունենան Մոսկվայում, այսուհանդերձ, Չինաստանը վերջին երկիրը չէ, որ զենք է վաճառում Հարավային Կովկաս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել