Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն՝ Ռազմիկ Դանիելյանին, նախագահի մրցանակ տալն ու շնորհակալագրի տրամադրումը ավելի շատ կարելի է հասկանալ որպես Սերժ Սարգսյանին թիկունիքց հարված հասցնելու փորձ։ Առաջին հայացքից Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, մշակութային, կրթական յուրաքանչյուր միջոցառում, որը կապված է նախագահի կողմից մրցանակի կամ պատվոգրի արժանանալու հետ, ասոցացվում է հենց Սարգսյանի՝ ամեն ինչից տեղյակ լինելու փաստի հետ։ Այդպիսին է հանրային կարծիքը, ու ինչ-որ տեղ միգուցե ճշմարտության հատիկներ դրա մեջ կան։ Այլ կերպ ասած՝ խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը՝ որպես Հայաստանի նախագահ, ամեն ինչից տեղյակ է։ Սակայն կան դեպքեր, երբ նախագահը նույնիսկ ֆիզիկապես չի կարող տիրապետել ամբողջ ինֆորմացիային ու վստահաբար կարելի է ասել, որ Դանիելյանի հետ կապված դեպքը հենց այդ միջոցառումների թվին էր պատկանում։ Նախագահը օրական ստորագրում է մի քանի տասնյակ կարևոր փաստաթուղթ ու հաստատ չէր խորանալու՝ արդոք Դանիելյանի որդին է, թե ոչ։ Իսկ ահա գերազանց առաջադիմության համար նախագահի կողմից շնորհակալագրի արժանացնելով յուր զավակին, ինչքան էլ որ նա լավ սովորի (դա դեռ մեծ հարցական է), Արամ Դանիելյանն ընդամենը լաչառության փորձ է անում, փորձում ողբերգությունը սքողել իբր թե հաջողությամբ, սակայն սա ավելի շատ առաջացրեց հանրության դժգոհությունը։ Ու վստահաբար կարելի է ասել, որ նախագահին այս ամենը դուր չի եկել, որովհետև մենք իրոք կարծում ենք, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր, որ հենց Արամ Դանիելյանի որդին է ներկայացված նախագահի մրցանակին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել