Ռուսներին ակնհայտորեն անհանգստացրել է ՊՆ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան։ Այն աստիճան, որ Ռուսաստանի խոշորագույն՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության մակարդակով բավականին կոպիտ ու վիրավորական ձևակերպումներով վերլուծություն են տեղադրում այն մասին, թե ինչ փիսն է Հայաստանը, որ չինացիների հետ զենքի թեմա է քննարկում։

Չվերապատմելով ողջ հոդվածը՝ ֆիքսենք առանցքային մի քանի մտքեր․

1․ Հայաստանը «непонятные телодвижения»-ներ է անում:
2․ Հայաստանը շանտաժ է անում Ռուսաստանին և այդ կերպ փորձում է իջեցնել զենքի գինը:
3․ Հայաստանն այդքան էլ վճարունակ չէ ու, առհասարակ, հետաքրիր շուկա չէ չինական ռազմական արդյունաբերության համար:
4․ Անգամ եթե չինական զենքը լավն է, Հայաստանը չի կարող իր ողջ ռազմական ենթակառուցվածքը փոխել ու անցնել չինականի։ 
5․ Համ էլ Հայաստանը ժլատություն է անում ու չի բավարարվում նրանով, ինչ մենք (Ռուսաստանը) ենք տալիս։

Սա, ինչ խոսք, լավ է։ Փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում ռուսները փնթփնթում են ու այս կերպով մեսիջներ են հղում, հետո տեսնում են, որ չի ազդում, և սկսում են սիրաշահել։ Պետք չէ շատ սևեռվել հոդվածի տոնայնության վրա։ Պոլիշինելի գաղտնիքն է, որ ռուսական քարոզչամեքենային հատուկ է կոպիտ և ուրագային աշխատանքը։

Եթե խոսենք նշված ու չնշված դրույթների մասին, ապա հոդվածագիրը մեղմորեն շրջանցում է այն հարցը, որ Հայաստանը ոչ թե պարապությունից ու փողը գյոլ կապելուց է իր զինանոցը արդիականացնում ու մեծացնում, այլ, մասնավորապես, նրա համար, որ ունենք դաշնակից, ով 5 միլիարդ դոլարի հարձակողական զենք է վաճառել մեր հակառակորդին և խախտել է բալանսը, որը հիմա պետք է նորմայի բերել։

Զավեշտալի է նաև այն, թե ինչ միամիտ շիկահերի կեցվածքում են հոդվածում արտահայտված փորձագետները։ Երևի դպրոցականի համար էլ պարզ է, որ Չինաստանի համար Հայաստանին զենք վաճառելը/նվիրելը ոչ այնքան կոմերցիոն հարց է, որքան աշխարհաքաղաքական։ Հայաստանի նշանակությունն էլ Չինաստանի համար մեծ է։ Այո՛, մենք ռեսուրսներ չունենք, ինչպես Աֆրիկան, բայց մենք կարևորագույն հանգույց ենք Չինաստանի ամենապրետենցիոզ տեսլականի՝ Մետաքսի ճանապարհի կոնտեքստում, իսկ չինացիներն՝ իրենց իրոք 5000-ամյա պետականության կուլտուրայով, շատ լավ են հասկանում, որ օր առաջ հայերի հետ լավ հարաբերություններ ստեղծելը շատ էլ հեռանկարային է, և եթե պետք է դրա համար մի քանի կամ մի քանի տասնյակ կամ էլ նույնիսկ մի քանի հարյուր միլիոն դոլարի զենք նվիրել հայերին, ապա դա միանգամայն արդարացված որոշում կլինի։

Ինչ վերաբերում է չինական զենքի կիրառականությանը, ապա, այո՛, համենայն դեպս, հիմա իմաստ չունի, ասենք, չինական տանկեր ձեռք բերելը, որովհետև, իրոք, լոգիստիկ ու մատակարարման խնդիրներ կլինեն, բայց կարելի է առանձին զինատեսակներ ձեռք բերել ու ստեղծել ավտոնոմ ստորաբաժանումներ, ինչպես հեռահար հրթիռային համակարգերի դեպքում է կամ էլ հակատանկային միջոցների կամ էլ հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքերի։ Այնպես որ, բավականին մեծ դիապազոն ունենք չինական զենքի կիրառականության համար։

Իսկ այս զարգացումներն ու արձագանքը Ռուսաստանի կողմից վկայում են այն մասին, որ ինչքան էլ նվնվան ու բողոքեն մեր պսևդո լիբերալ-արևմտամետները, մեզ մոտ շատ են ուռճացնում «ռսի սապոգի» դերակատարությունը և շատ են թերագնահատում Հայաստանի ինքնուրույնությունն արտաքին հարաբերություններում։ Ի վերջո, քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ու եթե հնարավոր է առանց լուրջ առճակատման գնալ գերտերությունների հետ, սիտուացիոն և հեռանկարային օգուտներ քաղել, ապա ապրենք մենք, որ գործում ենք այդպես՝ կլինի դա Չինաստանի հետ զենքի ֆլիրտ, թե ԵՄ-ի հետ շրջանակային ախմախության սիլի-բիլի։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել