Արեւմուտքում մարդիկ կան, որ փող են ստանում զուտ նրա համար, որ շեղում են հասարակության ուշադրությունը կարեւոր թեմաներից: Օրինակ, ենթադրենք, Թրամփը անօրինական միգրանտներին ու նրանց զավակներին պաշտպանող օրենքը չեղյալ է հայտարարում։ Այդ մարդիկ փոխարենը խոսեն ԱՄՆ նախագահի այդ որոշումից, որից բոլորն են խոսում, եւ կամ ամերիկյան տարբեր քաղաքներում (ամենախոշորը՝ Նյու Յորքում) ապօրինի միգրանտների՝ հաճախ ԱՄՆ-ում ծնված երեխաների ձեռնարկած խոշոր բողոքի ակցիաներից, որոնց ընթացքում, ի դեպ, կան մի շարք ձերբակալվածներ, խոսում են օվկիանոսից և Կարիբյան ծովից ամերիկյան ափին մոտեցող տարբեր՝ հիմնականում կանանց անուններ ունեցող փոթորիկներից՝ ներկայացնելով դա որպես երկրի գլխավոր թեմա: Նպատակը պարզ է, քանի որ ողջ երկրին, հատկապես դրա ափամերձ հատվածների բնակիչների համար փոթորիկը լուրջ սպառնալիք է, հետեւաբար՝ հետաքրքրական, դրանց մասին խոսվում է` վստահությամբ, որ ավելի շատ մարդիկ դրա մասին կխոսեն` մոռանալով միգրանտներին ու նրանց զավակներին, իսկ այդ ընթացքում Թրամփը մի ձեւ կգտնի՝ շահելու միգրանտների համակրանքը․ եթե Մելանյա Թրամփի համակրանքն է շահել, միգրանտներինը շահելը մեծ բարդություն չպետք է, որ լինի: Հասկանալի է, որ նման գործունեություն ծավալող եւ դրանից եկամուտ ստացող մարդիկ միայն ԱՄՆ-ում չեն։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, երբ վարչապետ Թերեզա Մեյը փորձում է անգլիական ձեւով հրաժեշտ տալ Եվրոմիությանը, հանկարծ պարզվեց, որ արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, սպասում է երրորդ երեխային: Ցուրտ Բրիտանիայում, բնականաբար, սիրում են տաք պատմությունները, ու պարզ է, որ այս թեման իր լսարանի թվով անմիջապես առաջ անցավ Բրեքսիթից։ Ճիշտ է, սա կարճ կտեւի, բայց այդ ընթացքում կարելի է ինչ-ինչ նրբություններ մտցնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացում եւ, որ ամենակարեւորն է, սա աննկատ անել:
Ըստ ամենայնի՝ երկրորդականը գլխավոր դարձնող մասնագետներ արդեն կան նաեւ Հայաստանում: Համաձայնեք, որ հենց նրանց ձեռքի գործն է Բյուրականի հրդեհի ամենաթեժ պահին, ինչը, հասկանալի է, հրդեհավտանգ իրադրությունը պահպանող այս եղանակային պայմաններում երկրի ամենակարեւոր թեման է, հանկարծ խոսեն այն մասին, թե ինչպես է Ավանում ողբերգական ավտովթարի զոհ դառնում 11-ամյա աղջնակը, ընդ որում՝ ԱԻՆ աշխատողի աչքի առջեւ, որը, սակայն, փոխարենն անմիջապես օգնություն ցուցաբերի, արագ հեռանում է դեպքի վայրից: Ավելին՝ հենց նրանց գործն է, որ Չինաստանը 10 միլիոն յուանի օգնություն է ցուցաբերում ՀՀ պաշտպանական ոլորտին, ընդ որում՝ անհատույց, և այդ մասին համաձայնագիրը ստորագրվում է ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանի՝ Պեկին կատարած այցի ժամանակ, ու սա այն ժամանակ, երբ Բյուրականում ոչ մի կերպ չի հաջողվում մարել հրդեհի օջախները: Մի խոսքով՝ լուն փղի տեղ անցկացնողները նաեւ Հայաստանում են սկսել ակտիվ աշխատել ու, հավանաբար, բարձր վարձատրվել:
Բայց մյուս կողմից՝ ո՞վ է որոշում, թե որն է գլխավոր թեման, ո՞րը՝ երկրորդականը, այն էլ՝ երկրի: Օրինակ՝ այն, որ մեր սպաները կրթություն են ստանալու նաեւ Չինաստանում, իսկ 10 միլիոն յուանը մոտավորապես 2 միլիոն ամերիկյան դոլար է, պակաս կարեւո՞ր է, քան այն, որ Բյուրականում դեռ հրդեհի ծխացող օջախներ կան, որոնք ամբողջովին մարելու համար խանգարում է քամին: Եւ կամ այն, որ ԱԻՆ աշխատողը տեսնում է, թե ինչպես է մեքենան ճզմվում, ու արագ հեռանում է դեպքի վայրից, ավելի կարեւոր չէ՞ այդ նույն չմարող հրդեհից, եթե ոչ, ապա ինչո՞ւ է կարեւոր այդ հրդեհի թեման․ որովհետեւ ԱԻՆ աշխատողները թերի՞ են կատարում իրենց աշխատանքը, իսկ Ավանի ողբերգական վթարի ժամանակ մենք ինչի՞ն ենք ականատես լինում…
Ըստ իս՝ թեմայի կարեւորության որոշումը խիստ անհատական է: Ինձ, օրինակ, ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ ձկներ կան Հյուսիսային Կորեայի ափերը արեւելքից ողողող Ճապոնական ծովում, քան այն, թե երբ է դադարելու միջուկային հրթիռներով խաղալ Կիմ Չեն Ընը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այս առումով աշխարհում փոքրամասնության կազմում են, այն էլ՝ ճնշող, բայց ես իրավունք ունեմ, չէ՞, խոսելու իմ հետաքրքրություններից այն ժամանակ, երբ Կիմ Չեն Ընը նայում է երկինք՝ հետեւելով իր հրթիռների վեհ ճախրանքին: Պարզվում է՝ չունեմ, համենայն դեպս, ես իրավունք չունեմ խոսելու, օրինակ, շաքարավազի գնի նվազումից, ինչն աննախադեպ է պահածոյացման այս սեզոնին կամ Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում հայազգի Կետիկյանի մասնակցությունից, քանի որ Բյուրականում հրդեհ է: Այդպես որոշել է համայնքը, իսկ համայնքը, ինչպես «Կտոր մը երկինքը» ֆիլմում քահանան է ասում, զորավոր է: Ավելին՝ ես անհապաղ պետք է գնամ Բյուրական, միանամ այնտեղ մեկնած կամավորներին ու փորձեմ օգնել հրդեհաշիջման աշխատանքներին, ես պարտավոր եմ դա անել, եթե հայրենասեր եմ, եթե գիտակից քաղաքացի եմ, եթե տարբերում եմ կարեւորը անկարեւորից:
Բայց ես կնախընտրեմ խոսել Ճապոնական ծովի ձկներից՝ հույսով, որ հենց դա կդառնա գլխավոր թեմա, վստահությամբ, որ հենց այդպես լինի, օրինակ, Կիմ Չեն Ընը նախ մի լավ կզարմանա, ապա իրեն կզգա անտեսված, անկարեւոր ու այլեւս հրթիռներով չի խաղա, մանավանդ որ երրորդ երեխային է սպասում:
Բյուրականի հրդեհով էլ, ինչպես հիմա է մոդա ասել, թող մասնագետները զբաղվեն. չէ՞ որ, օրինակ, հայ-ադրբեջանական առաջնագծով միայն մասնագետներն իրավունք ունեն զբաղվելու կամ դրա շուրջ խոսելու: Իսկ Ճապոնական ծովում հաճախ հանդիպում են ծովախեցգետիններ, կաղամարներ, ծովաստղիկներ, ծովային ոզնիներ, ծովային շնիկներ եւ այլն… Դեռ ուսումնասիրում եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել