Yerkir.am-ը գրում է.

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է հաշմանդամի սայլակը և լսողական սարքը տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք: Անձը, եթե նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը:

Ինչպես նաև, եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, որոշմամբ առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն): Միաժամանակ, հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։ Այս գործընթացը նախատեսվում է փորձնական սկսել այս տարվա ընթացքում: 

Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը, որի հիմնական նպատակն է խթանել հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացմանը, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանն ու տարածմանը և այլն: 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների ֆինանսավորման ընթացակարգերը վերանայելու և զինվորական կենսաթոշակների նշանակման և վճարման ցուցակների ձևավորման գործընթացը «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Այսպիսով, 2018 թ. հունվարի 1-ից համապատասխան մարմինների համակարգերի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու և վճարումն ապահովելու նպատակով՝ վճարման ցուցակները վճարող կազմակերպություններին տրամադրելու գործառույթները կիրականացվեն «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի «Հայփոստ»-ի միջոցով։ Արդյունքում կբարելավվի այդ անձանց հաշվառման գործընթացի արդյունավետությունը, ՀՀ պետբյուջեի ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը, կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել