Շատ հաճախ մարդիկ բողոքում են, որ հեռուստատեսությամբ նայելու բան չկա, դե իսկ հիմնական պատճառներից մեկն էլ հաղորդավարներն են, ովքեր ներկայումս եթերում են: Կարծում եմ՝ շատերն են իրենց համար ընտրում իրենց սիրելի հաղորդավարին, ում խոսքը, վարած գրագետ և պրոֆեսիոնալ հարցազրույցներն, իրոք, հաճույք են պատճառում: Պրոֆեսիոնալիզմն, իհարկե, գալիս է տարիների փորձից, բայց նաև աշխատասիրությունից: Այս հրապարակման մեջ առանձնացրել ենք մի քանի պրոֆեսիոնալ հարցազրուցավարների, ովքեր իսկապես իրենց գործի վարպետն են, բայց ասածներիս հետ չհամաձայնվելը ձեր իրավունքն է:

Արտակ Ալեքսանյան

Լրագրող, հաղորդավար, «Բանաձև» ընկերության հիմնադիր, Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն Արտակ Ալեքսանյանը հեռուստատեսային մեծ փորձ ունի: Նրա մի շարք նախագծեր իսկապես մեծ հաջողություններ են գրանցել և ամենակարևորը՝ ժամանակին բավականին տարբերվող էին հայկական հեռուստատեսային շուկայում: Արտակի հաղորդումները նայելիս հեռուստադիտողը, միանշանակ, կարող է երկար գամվել հեռուստաէկարնին, ի դեպ՝ գովելի է նաև նրա վստահությունը, որն, իհարկե, ակնհայտ երևում է հաղորդման ժամանակ: Այսպիսի օրինակ․ Սիրուշոյին հատուկենտ հաղորդումների է հյուրընկալվում, մանավանդ՝ Հայաստանում: Կարծում եմ՝ շատերն էին հիշում նրա մասնակցությամբ հաղորդումը։ Ի՞նչ եմ ուզում ասել, որ հյուրի համար էլ, միանշանակ, կարևոր է, թե ով է հաղորդմանը մասնակցում և ամենակարևորը, թե ով է հարցազրուցավարը:

Արման Խարազյան

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արման Խարազյանին, միանշանակ, պետք է դասել պրոֆեսիոնալ հարցազրուցավարների ցուցակում: Ժամանակին Դար 21 հեռուստաընկերության եթերում վարում էր «Բիո ռիթմ» բժշկական հաղորդումը, որը բավականին հանրամատչելի ներկայացնում էր բժշկական հարցերը, այնուհետև նա փորձեց իրեն մեկ այլ ոճում և «Բացարձակ արժեք» հաղորդման ժամանակ տաղավար հյուրընկալած հյուրերի հետ քննարկում էր այնպիսի թեմաներ, որոնք հանրությանն այդքան էլ հայտնի չէին: Բնականաբար, հյուրերից շատերի հետ նա ծանոթ չէր, և այնպիսի վստահություն պետք է ներշնչես, որ հյուրը կարողանա բացվել, կիսվել: Ինչ խոսք, Արմանի մոտ դա ստացվում էր: Այս ամենի կողքին, իհարկե, հաճելի է եթերում տեսնել կոկիկ հագնված երիտասարդի, ով նույնքան կոկիկ և գրագետ խոսք ունի: Ի դեպ, երբ կարդում ես նրա կենսագրությունը և աշխատանքային փորձը, հասկանում ես, որ, միանշանակ, այս ցուցակում նա տեղ ունի. համագործակցել է ՌԴ տարբեր հեռուստաընկերությունների հետ, ստացել է միջազգային կարգի որակավորում և բազմաթիվ պատվոգրեր տվյալ ոլորտում:

Արթուր Բախտամյան

2007 թվականին Արթուր Բախտամյանն արժանացել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչման: Սա մի կոչում է, որը հենց այնպես չես կարող վաստակել. դրա համար տարիների փորձ և ջանքեր են պետք: Մեր ծնողներն, անշուշտ, կհիշեն Արթուր Բախտամյանի հեղինակած հաղորդումները, օրինակ՝ «Կեսգիշերային ճեպընթացը»: Դա այն ժամանակների լավագույն հաղորդումն էր:

 

Սաթիկ Սեյրանյան

Քաղաքական ոլորտի սիրահարները, միանշանակ, կփաստեն, որ Արմենիա հեռուստաընկերության «Ռէվոլյուցիա» հաղորդաշարը լավագույնն է, ինչ խոսք, Սաթիկ Սեյրանյանի շնորհիվ: Դեռ 2013 թվականին մեկնարկած հաղորդումը կարելի է ասել՝ դաշտի առաջատարներից է: Բնականաբար, հեռուստադիտողին, բացի Սաթիկի գրագետ հարցազրույցներից, գրավում է նաև կանացի և կոկիկ տեսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել