Իրանի տարածքում գտնվող Պարսպատունքի (Ղարադաղ) նաև թյուրքալեզու գյուղերում ժամանակին հայաբնակ այս տարածքում հայտնի Թումանյան մեծահարուստ ընտանիքի ապարանքին կից գործած առևտրական գրասենյակի շենքը կոչում են «ղանթուր», որը ռուսերեն «контора» բառի աղճատված տարբերակն է:

Թեև ոչ առևտրական, բայց, ըստ էության, «ղանթուր» է նաև Ադրբեջանում գործող «Կովկասի մահմեդականների վարչությունը», որը ծնունդ է ստալինյան ժամանակների: Այն թե՛ ոգով և թե՛ շիայական իսլամի ընկալումներով հակասում է հենց նույն այդ շիայականության պատմությանը և ավանդույթին, իսկ Ալլահշուքուր Փաշազադեն չի կարող նույնիսկ համեմատվել իրանական կամ իրաքյան ազդեցիկ այաթոլլահների հետ, քանի որ Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ շիա հոգևորական, որը իրավասություն կունենա կրոնական հրովարտակ (ֆեթվա) արձակելու:

Կարծում եմ՝ նաև մեր ԶԼՄ-ներում Հայ առաքելական եկեղեցու հովվապետ Գարեգին Բ կաթողիկոսի և «Կովկասի մահմեդականների վարչության» պետ Ալլահշուքուր Փաշազադեի հանդիպումը չպետք է ներկայացվի որպես հավասարը հավասարի հետ հանդիպում, քանի որ Գարեգին Բ-ն ինքնիշխան եկեղեցու լիազոր գլուխ է, իսկ նրա հետ հանդիպողն, ըստ էության, համարյա շարքային մահմեդական հոգևորական, որը ղեկավարում է ավանդույթից զուրկ ինչ-որ վարչություն:

Այս համատեքստում արժե, որ գոնե պաշտոնական հաղորդագրություններում կիրառվի ոչ թե «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքուր Փաշազադեն կհանդիպեն/հանդիպել են», այլ՝ «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհանդիպի/հանդիպել է (կամ ավելի լավ է՝ կընդունի/ընդունել է) Կովկասի մահմեդականների վարչության պետ (!) Ալլահշուքուր Փաշազադեի հետ» ձևակերպումը:

#քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել