«Զգուշացեք, երեխաներ են» ոստիկանության մեկամսյա ուժեղացված ծառայության շրջանակում, սեպտեմբերի 5-ին, ճանապարհային ոստիկանության նախաձեռնությամբ, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ անվտանգության ամրագոտու փորձարկման ստենդի հերթական կիրառումը։
Այս անգամ այն փորձարկեցին մայրաքաղաքի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի մի խումբ աշակերտներ։ Անտարբեր չէր անցնում և ոչ մի քաղաքացի։ Ականատես զբոսաշրջիկներն էլ, հասկանալով միջոցառման կարևորությունը, մեծ ոգևորությամբ հետևում էին ընթացքին և հույս հայտնեցին, որ իրենց երկրներում էլ ոստիկանները նման նախաձեռնությամբ հանդես կգան։ 
Մեկը՝ համարձակ, մյուսը՝ կամուկացով, բոլոր դպրոցականները հերթով իրենց վրա զգացին առանց ամրագոտի մեքենայով երթևեկելու վտանգներն ու կիսեցին տպավորությունները։
Ճանապարհային ոստիկանության ծառայողները, գործնականից բացի, նաև տեսականորեն ներկայացրին ամրակապված երթևեկելու կարևորությունը և պատասխանեցին դպրոցականներին հետաքրքրող հարցերին։
Անվտանգության ամրագոտու փորձարկման ստենդը Ֆրանսիայի հրապարակում կկիրառվի 5 օր։ Նախատեսվում է սարքը կիրառել նաև այլ մարդաշատ վայրերում ու հրապարակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել