Սեպտեմբերի 2-ին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը, ով 2016 թվականի նոյեմբերին Կոլումբիայում գերի էր ընկել Ազգային ազատագրական բանակի գրոհայիններին, սպանվել է։

Արսենի հարազատ եղբայրը՝ Արմեն Ոսկանյանը, rusarminfo-ի հետ զրույցում հերքել է Reuters-ի տեղեկությունը՝ նշելով, որ դա հնացած տեղեկություն է, որը ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են սենսացիայի որոնումներով։

«Իմ եղբոր մահը պաշտոնապես հաստատված չէ։ Ոչ ոք մեզ մինչ օրս փաստեր չի ներկայացրել այն մասին, որ նա սպանված է։ Այդ հրամանատարը, որը հայտնել է Reuters-ին եղբորս մահվան մասին, նույնն ասել էր այն բանից հետո, երբ Արսենը փախել էր գերությունից։ Սակայն այնուհետև մեզ հայտնեցին, որ նա ողջ է, և որ նրան որոնելու համար երկինք են բարձրացվել Կոլումբիայի բանակի ուղղաթիռները»,- ասել է Արմեն Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Արսենի որոնումների ժամանակ ապստամբների և Կոլումբիայի բանակի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, սակայն որոնումները չեն դադարել։

«Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը տեղեկություն չունի եղբորս մահվան մասին։ Այդ իսկ պատճառով մենք չենք կորցնում հույսը, որ նա ողջ է»,- ասել է Արմեն Ոսկանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել