Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման և ամրապնդման հնարավորություններին: Հանրապետության Նախագահը և Սիրիայի դեսպանը նաև մտքեր են փոխանակել Սիրիայում և ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: 

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններն ու բարեկամ սիրիացի ժողովուրդը, երկրի նախագահի գլխավորությամբ, կկարողանան դիմակայել այդ մեծ փորձությանը, և երկրում ի վերջո կհաստատվի խաղաղություն և կայունություն, ինչում Հայաստանը շահագրգռված է: 

«Պատմության տարբեր ժամանակահատվածներում բոլոր ժողովուրդներին էլ բաժին են ընկնում փորձություններ, և ովքեր կարողանում են դրանց դիմակայել, շարունակում են իրենց ընթացքը:
Հայաստանը խորապես մտահոգված լինելով բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով՝ այս ամբողջ ընթացքում ցավով է հետևել իրադարձություններին և հումանիտար իրավիճակի վատթարացմանն ու իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ինչպես զրկանքների ենթարկված սիրիահայ համայնքին, այնպես էլ սիրիացի ողջ ժողովրդին»,- ասել է Նախագահ Սարգսյանը: 

Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և ջերմ խոսքերի համար, ընդգծելով, որ Սիրիայի իշխանությունները բարձր են գնահատում բարեկամ Հայաստանի դիրքորոշումը և աջակցությունը երկրում խաղաղության ու կայունության հաստատման գործում: Դեսպանը դրվատանքով է խոսել սիրիահայ համայնքի մասին, որը, նրա խոսքով՝ սիրիացի ժողովրդի անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել և շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել