Ալիևների ընտանիքի հանդեպ սկսված հետաքննությունը, որում բացահայտվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպական տարբեր հարթակներում տարբեր տրամաչափի գործիչների կաշառելու հերթական դեպքեր, այս պահին ոչ մի բան չի տալիս հայկական կողմին։ Առհասարակ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում երկրի ներսում տեղի ունեցող կոռուպցիոն սկանդալները (հիշենք թեկուզ օֆշորային սկանդալի մասին տեղեկատվությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ կապված) միայն ու միայն առիթ են հակառակորդի համար՝ օգտվելու ու ևս մեկ անգամ ջրի երես հանելու տվյալ պետության կոռուպցիոն քաղաքական համակարգը։ Այլ հարց է, թե ինչքանով են կարողանում դրանից օգտվել կողմերը։ Հիմա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը շատ ավելի ամուր կոռուպցիոն հիմքեր ունի, ավելի տոտալիտար է, ավելի մոնոպոլացված ու ամենակարևորը՝ կլանային բնույթ է կրում։ Հետևաբար հայկական կողմը սա պետք է անպայման օգտագործի համապատախան միջոցներով եվրոպական ատյանների վրա ճնշում գործադրելու համար։ Հանուն արդարության նշենք, որ մինչ հիմա այդպիսի նախադեպեր եղել են, ու մեղմ ասած՝ այնքան էլ հաջող չենք օգտագործել այդ շանսերը։ Այժմ, երբ Ադրբեջանում օրեցօր ահագնանում են դժգոհությունները, նավթի գները միջազգային շուկաներում ընկել են առավել, քան երբևէ, բանտարկվում են ազատ խոսքի կրող լրատվամիջոցներ ու քաղաքական գործիչներ, երևի թե ժամանակն է, որ վերջապես հայկական դիվանագիտությունը սկսի աշխատել այնպես, ինչպես պետք է, քանի դեռ այդ կառույցից վերջնականապես չի հիասթափվել հասարակությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել