«Քաղաքացի Սարգիս Բժիկյանը դիմել է armtimes.com-ի խմբագրություն և ներկայացրել իր և «Մալխաս Ջազ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Արսեն Սարգսյանի և Վահագն Նիկողոսյանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները, որոնք իր իսկ խոսքով, չեն լուծվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, նախկինում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորչությամբ:
 
Ըստ Սարգիս Բժիկյանի՝ ինքը 2008 թվականին վաճառել է Երևան քաղաքի Թումանյան 38 հասցեում գտնվող իր բնակարանն ու նկուղը Արսեն Սարգսյանին և Վահագն Նիկողոսյանին, որոնք պայմանագրի համաձայն պարտավորվել են 150 միլիոն դրամ արժողությամբ սեփականության գումարից նախապես վճարել 102 միլիոնը, իսկ մյուսը՝ որոշակի ժամանակ անց: Մնացորդային գումարը չստանալուց հետո, Սարգիս Բժիկյանը տեղեկացել է, որ իր անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում է կատարվել «Մալխաս Ջազ» ՍՊԸ-ի անդամների անուններով: Այդ ամենից հետո նա դիմում է ներկայացրել դատարան, որտեղ էլ պարզվել է, թե իբր Արսեն Սարգսյանը և Վահագն Նիկողոսյանը երրորդ անձին՝ Ռուբեն Պետրոսյանին են փոխանցել մնացորդային գումարը, որը պետք է հանձնվեր Սարգիս Բժիկյանին:
 
Դատարանում երրորդ անձի կողմից Սարգսյանին և Նիկողոսյանին տրամադրված ստացականն ուղարկվում է փորձագիտությունների հանրապետական բյուրո և պարզվում է, որ այդ ստացականը տրամադրվել է 2008 թվականի մարտի 15-ին՝ առուվաճառքի գործարքից 5 օր անց: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է, որ Ռուբեն Պետրոսյանը պետք է Սուրեն Բժիկյանին վճարի մնացորդային շուրջ 50 միլիոն դրամը: Դատից հետո մեր զրուցակիցը պարզել է, որ Ռուբեն Պետրոսյանն իր անունով որևէ սեփականություն չունի, իսկ դրամական միջոցներ՝ առավել ևս:
 
«Խոստացան գումարը տալ մինչև 2010 թվականի դեկտեմբերը: Հետո պարզվեց, որ այս մարդը չի տալիս, խուսափում է, որոշեցի դիմել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին»,- ասաց Սուրեն Բժիկյանը և նշեց, որ իրեն դատախազությունից պատասխանել էին, որ խնդիրը ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ է, այդ պատճառով էլ նա դիմել է Հատուկ քննչական ծառայություն:
 
«Դրանից հետո գլխավոր դատախազի մոտ հայտնվեց «Մալխաս» կոչեցյալը (Մալխաս ջազ ակումբի գլխավոր հիմնադիրը), որը եկել էր միջնորդելու իր գործընկերների համար: Քանի որ գործի կեղծիքները հայտնաբերվել էին և շարունակելը հետաքրքիր չէր, դատախազը հանձնարարություն տվեց, որ գործը տեղափոխեն Կենտրոնի դատախազություն՝ ուսումնասիրելու համար»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
 
Այս ամենից հետո էլ գործի հետաքննությունը հանձնարարվեց ոստիկանության կենտրոնի բաժնի հետաքննիչ Գարեգին Բեգոյանին: «Բեգոյանը կեղծիքներ անելով, կեղծ ցուցմունքներ կազմակերպելով, կայացրեց որոշում գործը կարճելու վերաբերյալ: Ես այդ որոշումները բողոքարկել եմ»,- ասաց նա:
 
Հարցին՝ ի՞նչ հիմք ունեք, որ Աղվան Հովսեփյանը միջամտել է այս գործի օբյեկտիվ քննությանը, Սարգիս Բժիկյանը պատասխանեց. «Որովհետև Մալխասի գալուց հետո այդ վճիռը կայացվեց՝ գործը փոխանցել կենտրոնի դատախազություն: Վկաներ կան, Վեքիլյանին կարող եմ բերել և ասել՝ սա էլ Վեքիլյանը (դատախազ Դավիթ Վեքիլյան):
 
Սարգիս Բժիկյանը նշեց նաև, որ իր դիմումի հիման վրա 2016 թվականին ՀՔԾ-ում Գագիկ Բեգոյանի վերաբերյալ քրգործ է հարուցվել, վերջինս ունեցել է վկայի կարգավիճակ, սակայն քրգործը կարճվել է: «Էլի կարճեցին՝ մեդալ տալով: Բեգոյանին նախ առաջինը պարգևատրել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը: Բեգոյանը լինելով ոստիկանության քննչական բաժնի քննիչ՝ այս ընթացքում դարձել է ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերով քննիչ, մայոր է դարձել»,- ասաց Սարգիս Բժիկյանը՝ նշելով, որ ՀՔԾ-ի որոշումը դատախազի ստորագրմամբ դեռ չի ստացել: Դիմել է գլխավոր դատախազին, սակայն դեռ պատասխան չի ստացել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել