Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Ողջունելով փրկարարներին և շնորհավորելով նրանց տոնի առթիվ` Հանրապետության Նախագահը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաև Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պետական պարգևներ է հանձնել արտակարգ իրավիճակների նախարարության և հրդեհաշիջման աշխատանքներին առավելագույնս մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:

Պարգևատրման արարողությունից հետո տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Հանրապետության Նախագահի, տոնական միջոցառմանը մասնակցող ՀՀ ԱԱԽ անդամների, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարների, տոնին հրավիրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ԱԻՆ տարածքում բացվել և օծվել է փրկարարներին նվիրված խաչքար-հուշարձանը: Այն նվիրված է մարտական գործողությունների և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված փրկարարներին:

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև հիմնովին վերանորոգված ԱԻՆ երրորդ մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և շենքում տեղակայված ծառայությունների գործունեությանը: Նորաբաց մասնաշենքում գործում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաև հոգեբանական ծառայությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել