«Agile Spirit 2017»-ի վերջին պահին Հայաստանի հրաժարումը շատ բանի մասին է խոսում։ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող զորավարժության շրջանակներում, եթե հիշում եք, մի քանի շաբաթ առաջ Հայաստանը նույնպես մասնակցեց նմանատիպ զորավարժության, որը երկրում ու դրա սահմաններից դուրս բազմաթիվ քննարկումների առիթ տվեց։ Հայաստանը մտնում է բացառապես այլ ռազմական կազմակերպության մեջ՝ ՀԱՊԿ-ի, որ աշխարհաքաղաքական դիսկուսիաներում դիտվում է որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին, ու ՆԱՏՕ-ն, բնականաբար, չէր կարող ողջունել այս մասնակցությունը։ Դա հատկապես դուր չէր եկել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ու վերջինս իր վերլուծական խողովակների շնորհիվ բազմիցս դրա վերաբերյալ իր գնահատականը տվեց։ Հայաստանը դա պատճառաբանում է սեփական զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով կատարված քայլ, որը կանոնադրորեն չի հակասում ՀԱՊԿ-ի շահերին։ Ինչ-որ տեղ այսպես կոչված սուվերեն պետության վարքագիծ դրսևորելու քայլ էր։ 
Նախապես ասված էր հայտարարության մեջ, որ Հայաստանը մասնակցելու է այդ զորավարժությանը։ Հետո վերջին պահին հրաժարվեց, որի փոխարեն մասնակցության հայտ ներկայացրեց Ադրբեջանը։ Թե ինչով է պայմանավորված այդ քայլը, ՊՆ-ից չեն մեկնաբանում, որովհետև կարծես թե ամեն ինչ հստակ է։ Հաշվի առնելով վերջերս կայացած Սարգսյան-Պուտինը հանդիպումը՝ չի բացառվում, որ այս հարցը քննարկվել է երկու երկրների ղեկավարների միջև։ Ակնհայտ է, որ Հայաստանը դիմադրություն է ցույց տալիս ՀԱՊԿ ներսում, մեկ անգամ ստացվում է, մեկ անգամ՝ ոչ, սակայն առաջ դա էլ չկար։ Հոկտեմբերին Եվրամիության հետ քաղաքական համաձայնության պայմանագիր ստորագրելու մասին հայտարարեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Ռուսաստանի վերաբերմունքն այս լուրին այնքան էլ լավ լինել չի կարող, ինչն արտահայտվում է, օրինակ, նման դրսևորումներով։ Այլ պատճառ, թե ինչու վերջին պահին Հայաստանը հրաժարվեց արդեն իսկ պլանավորված միջոցառումից, դժվար է գտնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել