Life.tert.am-ը գրում է.

«Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու` Արփիի դերակատար Քրիստինա Կույումչյանը, լուսանկարվել է Tert.am Life–ի ֆոտոշարքում և խոսել իր տեսակի, նախասիրությունների և առաջիկա ծրագրերի մասին։

«Իհարկե, շատ վատ է, երբ դերասանին ընկալում են իր խաղացած կերպարով։ Ես ու իմ կերպարը` Արփին, ընդհանարապես, նման չենք ո՛չ բնավորությամբ, ո՛չ մտածելակերպով։ Ինձ այդքան էլ դուր չի գալիս, երբ ինձ ընկալում են որպես «Կայարանի» տխուր աղջիկ։ Ես այդպիսին չեմ։ Ես ուրախ «պեսիմիստ» եմ։ Ինքս ինձ բնութագրել չեմ սիրում, որովհետև, կարծում եմ, ինձ ավելի լավ կարող են բնութագրել իմ ընկերները»,– ասաց Քրիստինան։

Խոսելով իր նախասիրությունների մասին` Քրիստինան ասաց. «Եթե ազատ ժամանակ եմ ունենում, որն այդքան էլ շատ չէ, սիրում եմ գնալ թատրոն ու կինոթատրոն։ Սիրում եմ նաև ազատ ժամանակ երգել։ Ես ունեմ երաժշտական կրթություն և, երբեմն, մտածում եմ` ապագայում այդ ոլորտում հանդես գալու մասին։ Շատ տարբեր ոճերի երգեր եմ լսում։ Մի քանի տարի առաջ բացի ռոքից ու մետալից ուրիշ բան չէի լսում, բայց հիմա նախասիրություններս փոխվել են ու, գրեթե, ամեն ինչ լսում եմ։ Ճիշտն ասած, ես այդքան էլ չեմ սիրում մեր էստրադային երաժշտությունը։ Եթե որոշեմ քայլեր անել երգարվեստում, ակուստիկ երաժշտությամբ կամ ռոք բենդի հետ կներկայանամ։ Միշտ երազել եմ ու մինչև հիմա էլ երազում եմ այդ մասին»,– հավելեց նա։

 

 

20–ամյա դերասանուհին ժամանակին աշխատել է Զվարթնոց օդանավակայանում։ Մասնագիտություն ընտրելիս երկմտում էր` լեզվաբա՞ն, թե՞ դերասանուհի։ Հիմա էլ մտածում է երգարվեստի մասին։ Նրա խոսքով` անկախ իր հետաքրքրություններից առաջնայինը դերասանի մասնագիտություն է։ Դերասանի աշխատանքը չի թողնի։ «Ես փոփոխական խառնվածքի տեր մարդ եմ։ Սիրում եմ անընդհատ նոր բանով զբաղվել, քանի որ հնարավոր է` մի բանից շատ շուտ հոգնեմ։ Դրա համար անընդհատ փորձում եմ զբաղմունք գտնել ինձ համար։ Ի դեպ, բացի երգարվեստից, ես նաև թմբուկի դասերի եմ գնացել։ Ժամանակիս սղության պատճառով դադարեցրի պարապմունքներս, բայց հիմա մտածում եմ` նորից գնալ այդ դասերի»,– ասաց Քրիստինան։

 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել