Նայեցի թե ոստիկանության, թե Շամշյանի նկարածը։ Ոստիկանությունը հնարավորինս փակել էր պատանդառված աղջկա (կնոջ) արյունլվա դեմքը։ Իսկ Շամշյանի տեսանյութում պարզ երեւում էր․․․ Հարց է ծագում, թե ինչ իմաստ ունեին դեմքը փակելու ոստիկանության ջանքերը (ինչը ճիշտ է, պետք է դեմքը ցույց չտային), եթե ցանկացած մեկը կարող է ազատ նկարել ու հրապարակել։ 
Ի դեպ Շամշյանի տեսանյութում նաեւ դիպուկահարի օգնականի կամ հրամանատարի դեմքն է երեւում, ինչն ընդհանրապես սխալ է։ Բայց էլի՝ ոչ մեկի հեչ պետքը չի։ 
Բուն հարցը, որ զանազան գիտունիկների էքստրա-գիտունիկվելու «օրվա առիթ» էր դարձել՝ ինչու դիպուկահարը մայթից գործեց, այսպես ասած՝ հավաքված բազմության միջից, այլ ոչ թե այլ տեղից․․․
Տվյալ իրավիճակում անկապ հարց է։ Անկապ է, որովհետեւ դիպուկահարը կրակեց այն դիրքից, որն առավել հարմար էր տվյալ իրավիճակում եւ ժամանակային սահմանափակ հատվածում։ Ովքեր նայել են տեսանյութերը, օրինակ, նույն Շամշյանի, երեւի տեսել են, որ դիպուկահարները տեղանքն էին զննում, հարմար դիրք էին փնտրում, ի վերջո, ընտրեցին առավել նպաստավոր կետը։ Կարող էին, իհարկե, նաեւ ավտոմեքենայի միջից գործել, բայց այդպես պատանդ վերցրած անձնավորության ուշադրությունը կարող էին գրավել։ 
Գուցե որոշ գիտունիկներ կդիրքավորվեին կողքի ավտոլվացման կետի տանիքում կամ ընդհանրապես «Վիքենդ» բիլիարդանոցի ետնամասում գտնվող որեւէ աննկատ վայրում․․․ որ հետո խրոխտ ստատուսներ գրեին, թե՝ «․․․ինչու ոստիկանությունը չփրկեց խեղճ աղջկան»։
Կարելի էր, իհարկե, հավաքված հետաքրքրասերներին հեռացնել տարածքից, բայց դա էլի կարող էր ավելորդ ուշադրություն գրավել եւ ակնհայտորեն անհավասարակշիռ վիճակում գտնվող պատանդ վերցրած անձին մղել պատանդի համար ճակատագրական քայլի։ 
Կարեւորն այլ հարց է․ դիպուկահարի գործողություններն արդյոք սպառնո՞ւմ էին շրջակայքում հավաքված անձանց կյանքին եւ անվտանգությանը։ Իմ կարծիքով՝ ոչ, չէին սպառնում։ 
Հիմնականը՝ պատանդը փրկվե՞ց։ Այո։ Պատանդ վերցրած անձնավորությունը վնասազերծվե՞ց։ Այո։ Որեւէ այլ անձնավորություն տուժե՞ց։ Ոչ։ Կարեւորը սա է։ 
Մնացյալը, կարծում եմ, վիրտուալ ասուխոս է ընդամենը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել