«Այսօր քննիչը կարճել է իմ պաշտպանյալ Արա Օսկանյանի վերաբերյալ քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Ավելի վաղ Աթանեսյանը հայտարարել էր. «Տեղի ունեցածը թյուրիմացություն է և մի երիտասարդի անտեղի վառ երևակայության հետևանք։ Եթե գործընթացներն ընթանան զուտ իրավական դաշտում, ինչպես իմ կարծիքով, մինչ այս պահն է ընթանում, ապա շուտով ամենինչ կպարզվի և Արան կլինի ազատության մեջ»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին նախկին ԱԳ նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին մեղադրանք էր առաջադրվել:
Քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանն առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել են վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։

Ա.Օսկանյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասով (խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել