ՀՀ քաղաքական կյանքում այս շաբաթը բավականին ակտիվ սկսվեց: Բանն այն է, որ արդեն ավարտվել է արձակուրդային տրամադրությունները և բոլոր քաղաքական ուժերը ջանք չեն խնայում հետհանգստյան բարձր ակտիվություն ցուցաբերելու համար:

Այս ֆոնին ակտիվացել են նաև ծռականները` տարածելով մի քանի հայտարարություններ, որ սեպտեմբերից սկսում է պայքարի նոր ալիք ու համաժողովրդական նոր շարժում: Կոչով հանդես է եկել նաև Ժիրայր Սեֆիլյանը: Նա դիմել է քաղաքական, հասարակական, քաղաքացիական, մշակութային և այլ ոլորտների հեղինակավոր գործիչներին, առաջարկելով միավորվել և պայքարել գաղութային վարչակազմի դեմ: Ըստ նրա Սասնա Ծռեր խմբավորումը վայելում է ժողովրդի վստահությունը և սերը, և առանց Սասնա Ծռերի ազատության որևէ ընդդիմադիր նախաձեռնություն ի վերջո ոչ մի արդյունք չի տալու:

Իհարեկ առաջին անգամը չէ, որ Սեֆիլյանը հանդես է գալիս կոչերով, որոնք իրականությունից կտրված են ու պարունակում են պաթոսի մահացու չափաբաժին, բայց նրա այս կոչից հետո կարելի է կարծել, որ Ժիրոն դրանով ուղղակի ցանկանում էր հիշեցնել իր մասին և դա անելու համար օգտագործել էր իր մեջ կուտակված պաթոսի ողջ պաշարը:

Այս դեպքում անգամ կարիք չկա անդրադառնալ կոչի մեջ առկա պահանջներին, քանի որ երեք ոստիկանի սպանած, ոստիկանական գունդը գրաված և բժիշկներին պատանդ վերցրած խմբավորումը չի կարող ազատ արձակվել, ժողովրդի համաձայնության կառավարություն չի կարող ձևավորել 100-ից պակաս համակիր ունեցող ուժը, իսկ ինչ վերաբերում է Արցախի միացմանը, ապա այստեղ Սեֆիլյանը փորձում է խաղալ մարդկանց «նուրբ լարերի հետ», մոռանալով, որ Արցախը ունի իր ժողովուրդն ու իշխանությունը և փաստացի Սեֆիլյանը չէ, որ պետք է ընտրի այդ հարցի լավագույն լուծումը:

Հ.Գ. Գլոբալ առումով Սեֆիլյան կարող է կոչ անել անգամ գրավել Բաստիլը, միացնել Ղրիմը Ուկրաինաին, կամ Դիսնեյլենդի տոմսերը դարձնել անվճար. ի վերջո անկախ ներկայացված պահանջներից, դրանց ոչ մեկ լուրջ չի վերաբերվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել