Azatutyun.am-ը գրում է.

Դեսպան Հոգլանդի հայտարարությունը վկայում է, որ Միացյալ Նահանգներն անհնար է համարում Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման դիտարկում արեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա, «ակնհայտ է նաև», որ նման հայտարարությամբ՝ Վաշինգտոնն անընդունելի է համարում հակամարտության կարգավորման ուժային տարբերակը: «Վաշինգտոնը չի տեսնում Արցախը որպես Ադրբեջանի մաս: Սա, կարծում եմ՝ հստակ երևում է բոլոր այդ ձևակերպումներից»,- նշեց Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ օրերս հրապարակած փաստաթղթի համաձայն, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի փոխհամաձայնեցված և իրավականորեն պարտադիր կամարտահայտությամբ, Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովվի անվտանգ անցում, «սակայն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ», պետք է ճանաչվեն փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը: Հոգլանդ նշել է նաև, որ ցանկացած պարագայում Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն է իրականացվելու:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է՝ Հոգլանդը «թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ», բայց «դրանք, ընդհանուր առմամբ, արտահայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել