1. Նախ` Հոգլանդի հրապարակած կետերը արտահայտում են արցախյան հիմնախնդրի կարգավորման միայն ամերիկյան մոտեցումը, ինչն արդեն դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից.
2. Հիմնական կետերը հրապարակվեցին Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպման ֆոնին և իր բովանդակությամբ ունեին ադրբեջանական կողմի շահերին համահունչ շեշտադրումներ. Այստեղից կարելի է ենթադրել, որ այդ վերը հիշատակված հանդիպումը կամ միգուցե հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի օրակարգը մտահոգության առիթ են եղել Վաշինգտոնում.
3. Նախքան հիմնական կետերի հրապարակումը դեռևս ս.թ. օգոստոսի առաջին կեսին նույն Հոգլանդը հարցազրույց էր տվել Ամերիկայի ձայն ռադիոկայանին, որում անդրադարձել էր արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերի նախաձեռնման անհրաժեշտության, ռազմական բախումների հնարավորության նվազեցման հարցերին. Նկատենք, որ 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման հարցում շահագրգռված է հիմնականում հայկական կողմը` ի տարբերություն Ադրբեջանի, որը ամեն կերպ խոչընդոտում է այդ հանաձայնությունները. Ասել է թե, Հոգլանդի հարցազրույցի և հրապարակած կարգավորման հիմնական կետերի միջև շոշափելի են շեշտադրումների տարբերությունները, ինչը խոսում է կամ հարցազրույցի համատեքստում ամերիկյան կողմի որոշակի սպասելիքների չարդարացման, կամ ռուս-ամերիկյան հարաբերությունների` հակասությունների ու շահերի բևեռացման նոր փուլ մտնելու մասին.
4. Չմոռանանք, որ սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսվում է հերթական հանդիպումը, որի նախաշեմին թե ամերիկյան, թե ռուսական կողմը ձգտում է ամրապնդել իր դիրքը և հանդիպումից առաջ ունենալ հնարավորինս շահեկան և նպաստավոր իրավիճակ.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2007142542849683&id=100006618695607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել