LIVՍիրային հարաբերությունների թեման շատ խճճված է. սիրո խորամանկ ցանցերում «մոլորվում» են անգամ ամենափորձառուները:

Ինչպե՞ս հասկանալ, թե լու՞րջ է ձեզ վերաբերվում ձեր ընկերը, միասին դուք ապագա ունե՞ք, դա սե՞ր է, թե՞ պարզապես կարճատև հրապուրանք: Մի քանի նախանշանների առկայության դեպքում կարելի է հասկանալ, եթե զուգընկերը ձեր հանդեպ խորը և անկեղծ զգացմունքներ չունի: Նախ հստակեցնենք, որ լուրջ և տևական հարաբերություններ հնարավոր են միայն այն ժամանակ, երբ գուգընկերներից մեկի թերություններն առավելություններ են թվում: Այսինքն՝ դու սիրում ես մեկ ուրիշի առավելությունները:  

Իսկ ի՞նչ է անում զուգընկերը, ով ձեզ չի սիրում: Դուք ճիշտ եք` նա տեսնում է միայն ձեր թերությունները, որովհետև իրեն ուրիշն է պետք: Տեսնենք, թե դա ինչպես է լինում:

Իդեալի փնտրտուք

Օրինակ, նա անվերջ ինչ-որ «իդեալ» է փնտրում և, ընդհանրապես, միանգամայն համոզված է, որ գոյություն ունեն «իդեալական» հարաբերություններ: Ընդ որում, նա հույս ունի գտնել «կատարյալ» սեր, և այդ է պատճառը, որ ձեզ հետ հարաբերությունների զարգացման ու կատարելագործման համար ջանքեր չի գործադրում: Իսկ հարաբերությունների «ոչ իդեալական» լինելու մեջ նա ձեզ է մեղադրում:

Դուք եք մեղավոր, եթե, օրինակ, ֆինանսական խնդիրներ կան. դուք շատ եք ծախսում: Եթե անգամ նրա աշխատավայրում խնդիրներ կան (որոնց հետ դուք որևէ կապ չունեք), ապա, միևնույն է, դա ձեր մեղքն է, դուք նրան շեղում եք աշխատանքային գործընթացից:

Զգացմունքների ստուգում

Զուգընկերը կարող է անընդհատ «ստուգել» ձեր զգացմունքներն իր հանդեպ` պահանջելով ուշադրություն, նվերներ, հաճոյախոսություններ, ռոմանտիկ արարքներ կամ անկեղծ սիրո և նվիրվածության այլ դրսևորումներ: Եվ ինչն է հետաքրքիր. դժվար թե երբևէ ստուգման արդյունքները նրան բավարարեն: Եվ նվերը կպարզվի այն չէ, և հաճոյախոսությունն էր շատ թույլ, և ուշադրությունն է շատ քիչ, մի խոսքով, ձեզ մշտապես կթվա, թե դուք բավարար չափով չեք սիրում նրան, չնայած որ իրականում ճիշտ հակառակն է տեղի ունենում:

 Ո՞վ է մեղավոր

Անկեղծ զգացմունքների բացակայության ևս մեկ նախանշան. նա չափազանց բուռն է արձագանքում ձեր հարաբերություններում առաջացած փոքր խնդիրներին: Ձեր յուրաքանչյուր վրիպումը (չզանգեցիք, չնկատեցիք, չհամաձայնեցիք) զուգընկերոջ կողմից անմիջապես իբրև տիեզերական չափերի հասնող վիրավորանք է ընկալվում և պահանջների, կշտամբանքների և այլ բացասական երևույթների հոսք առաջացնում, մինչև անգամ ձեր հարաբերությունները շարունակելու անիմաստ լինելու մասին հայտարարություններ եք լսում:

Ես կհիշեմ

Շատ հատկանշական է, որ «չսիրահարված» զուգընկերը վիրավորանքը պահում է ժամերով, օրերով, շաբաթներով` առաջին իսկ հարմար առիթով հիշեցնելով դրա մասին: Ընդ որում, նա երբեք չի բավարարվի այն հարաբերություններով, որոնք կան այս պահին: Եթե նա չգտնի բացասական երևույթներ անցյալում, ապա կփնտրի դրանք ապագայում` տանջելով ձեզ անգամ դեռևս տեղի չունեցած իրադարձությունների պատճառով:

Եթե այս պահվածքը հատուկ է ձեր զուգընկերոջը, ապա լավ կլինի խզել հարաբերությունները նրա հետ, քանի դեռ նա չի արել այդ: Չնայած, կրկին մեղավորը դուք կլինեք, որ չկարողացաք փրկել նրա իրական զգացմունքներն ու պահպանել գեղեցիկ հարաբերությունները:

Սակայն, զուգընկերոջը խոշորացույցով զննելուց առաջ մի մոռացեք նայել ինքներդ ձեզ: Հնարավոր է, որ այս բոլոր նախանշանները ձեր պահվածքում նկատեք: Այդ դեպքում մի պահ մտածեք` ի՞նչն է, արդյոք, ձեզ պահում նրա կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել