168.am-ը գրում է.

Սոցցանցերում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքին «մասոն» անվանելու պատճառով ձերբակալվել է փորձագետ Էրդալ Քայան: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Փորձագետին մեղադրանք է առաջադրվել «Աթաթուրքի հիշատակը վիրավորելու» հատկանիշներով:

Վերջին շրջանում Քեմալ Աթաթյուրքին վիրավորելու, նրա արձանների վրա հարձակում գործելու դեպքերը բավականին հաճախակի են դարձել: Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում օգոստոսի 21-ին երիտասարդը հարձակվել էր Աթաթյուրքի արձանի վրա և մուրճով վնասել այն:

Արձանի վրա հարձակված Իբրահիմ Յեշիլը տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք: Երիտասարդը հարցաքննության ժամանակ նշել էր, որ Աթաթուրքը հեթանոս է, և ինքն արձանի վրա հարձակվել է Ալլահի կամքով:

Հուլիսի վերջին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչ Մեհմեթ Մալբորան հարձակվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: «Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել էր տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին:

Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել