168.am-ը գրում է.

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի քաղաքականությունը համարում է դիկտատորական և հայտարարել է, որ երկրի այդ ղեկավարությամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը անհնարին կլինի նաև 2023 թվականին:

«Նախագահ Էրդողանը որոշակիորեն դիկտատորական գծեր է դրսևորում: Այն, թե ինչպես է նա վարվում քննադատների, այլախոհների և փոքրամասնությունների հետ, բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է Կուրցն օգոստոսի 23-ին Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում:

Նախարարը, որը նաև այս տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահն է, համոզված է, որ «կարևոր է հաստատել, որ երկիրն ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից, տնտեսական հետեւանքներն անաշիվ կլինեն, և, բացի դրանից, միացումը կխաթարի Եվրամիության կլանման ունակությունը»: Նա նաև նշել է, որ նույնիսկ վեց տարի հետո էլ, երբ Թուրքիան նշի պետության կազմավորման հարյուրամյակը, հնարավոր չի լինի նրա անդամակցումը Եվամիությանը: «Նույնիսկ եթե Անկարան ցանկանում է 2023 թվականին անդամակցել Եվրամիությանը, դա տեղի չի ունենա»,- ասել է նա:

Ավստրիայի արտաքին գործերի նախարարը նաև պաշտպանել է Գերմանիայի իշխանությունների դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս Անկարայի հետ մաքսային միության ընդլայնման դեմ: «Քանի որ Թուրքիայում մարդու իրավունքների համակարգը և ժողովրդավարական հիմնարար արժեքները ներկայում սիստեմատիկաբար խախտվում են, Թուրքիայի հետ մաքսային միության խորացումը միանգամայն անիրատեսական է»,- հայտարարել է Կուրցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել