«Սպուտնիկ» ռուսական ռադիոն դադարեցնում է գործունեությունն Ադրեջանում։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով ռադիոյի աշխատակիցներին։

Կայքը գրում է, որ «Սպուտնիկը» հանդիսանում է հայտնի ռուս պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի հատուկ նախագիծը։ «Սպուտնիկ» միջազգային լրատվական գործակալությունը հայտարարել էր Բաքվում՝ novosti.az-ին կից ռադիոհեռարձակում սկսելու մասին մայիսին։

Բանն այն է, որ ռադիոյի խմբագիրը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Մարգարիտա Սիմոնյանն է։ «Ադրբեջանում միանգամայն արդարացիորեն են սկսել մտահոգվել այդ ռադիոյի հեռարձակումների բովանդակությամբ»,-ասված է հրապարակման մեջ։

Ադրբեջանի հեռուստառադիոհեռարձակող ազգային խորհուրդը, ինչպես պարզվել է, չի տվել որևէ ռուսական ռադիոկայանի գործունեության թույլտվություն։ Խորհրդի նախագահ Նուշիրավան Մագերամլին հաստատել է, որ իրենք պարզապես չէին կարող թույլ տալ Ադրբեջանի տարածքում հայուհու կողմից ղեկավարվող ռադիոյի գործունեություն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում իրականցվում է հեռարձակում միայն ադրբեջաներենով, ռուսերենով այն անհնարին է։ «Սակայն հնարավոր է նաև այն, որ այդ ռադիոն սկսել է համագործակցել տեղի ռադիոկայաններից մեկի հետ։ Սակայն բոլորը գիտեն, որ յուրաքանչյուր օտարերկրյա ալիքի հանդեպ, հատկապես եթե այն գլխավորում է ծագումով հայ խմբագիր, պետք է չափազանց մեծ զգուշավորություն դրսևորել»,-հայտարարել է Մագերամլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել