Aravot.am-ը գրում է.
Օգոստոսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը գրավոր ծանուցում է ուղարկել այդ ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի Նոյեմբերյան քաղաքում աշխատողներին: Ծանուցման մեջ Ա. Վանյանը, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին մասը, տեղեկացրել է, որ նշված կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղում «աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պլանավորված՝ տեղի է ունենալու աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատում: Վերոհիշյալ հանգամանքով եւ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայությամբ պայմանավորված»՝ 2017թ. հոկտեմբերի 20-ին լուծվելու է աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Նման «սեւ թղթեր» ստացել են «Տավուշ» մասնաճյուղի՝ Նոյեմբերյան քաղաքում աշխատող 13 անձանցից 11-ը, ծանուցագիր չեն ստացել միայն Նոյեմբերյանի «սանէպիդկայանի» բժիշկ-մանրէաբանը եւ վարորդը: Լրագրողիս հրավիրել են նշված ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի Նոյեմբերյան քաղաքի գրասենյակ, ուր աշխատակիցներն իրենց դժգոհությունն արտահայտեցին առաջիկա կրճատումների վերաբերյալ: Նրանք ասացին, որ աշխատակիցների կրճատման հետեւանքով Նոյեմբերյանում մանրէաբանական լաբորատորիան փակվելու է, դա վատ հետեւանքներ է ունենալու. «Հիվանդ երեխաներին մանրէաբանական հետազոտության ենթարկելու համար ստիպված պետք է մեծ տարածություն անցնելով՝ հասցնեն Իջեւան: Մանրէաբանական հետազոտության համար մեզ մոտ մայրական կաթ են բերում, որն այսուհետ պետք է սահմանամերձ, գնդակոծվող ճանապարհով Իջեւան տանեն:

 Հիվանդ երեխաների փամփերսներ են բերում, որպեսզի հետազոտենք: Մայրը երեխային բարուրի մեջ քնած թողնում է, կամ հարեւանին խնդրում  նրան հետեւել, հիմա ո՞նց է փամփերսը Իջեւան տանելու: Մանրէաբանական հետազոտությունների համար վճարվող գումարը քիչ չէ, դրան գումարվելու են տաքսիով Իջեւան մեկնել-վերադառնալու ծախսերը»: Դպրոցների եւ մանկապարտեզների աշխատակիցները սանիտարական գրքույկներ ունեն: Նոյեմբերյանի «սանէպիդկայանում» կրճատումներից հետո Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների եւ մանկապարտեզների աշխատողները ստիպված կլինեն այդ գրքույկների համար Իջեւան մեկնել: Նոյեմբերյանի «սանէպիդկայանի» աշխատակիցները ներկայացրին իրենց աշխատանքային կարեւոր գործառույթները: Նրանք զբաղվում են հիվանդությունների պատճառով դպրոցականների բացակայությունների պատճառների բացահայտմամբ: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքից հիվանդների,նաեւ՝ ինֆեկցիոն հիվանդների անալիզներ են ուղարկում «սանէպիդկայան«: Այդ աշխատողները բոտուլիզմի օջախից նմուշ են վերցվում, ուղարկում Իջեւան, աղիքային վարակների օջախներում վարակազերծում կատարում, բոտուլիզմով եւ դեզինտերիայով հիվանդների հետ շփումներ ունեցած անձանց հետազոտություն, նրանց նկատմամբ հսկողություն են իրականացնում: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել