Tert.am-ը գրում է.
Հայերենն այսօր աղքատ է, գեղեցիկ է, չքնաղ է, բայց աղքատ է, մենք քիչ բառեր ունենք, ամեն ինչ թարգմանում ենք, չի կարելի: Այսպիսի հայտարարություն է արել ՀԱԿ հիմնադիր անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում:
Նշենք, որ օրեր առաջ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպես և մեր տնտեսությունն է) լեզուներից է»։ Գրառումը բուռն արձագանք գտավ և քննարկումների ու բանավեճերի առիթ տվեց:
«Կարելի՞ է այդքան չար լինել միայն նրա համար, որ այդ ստատուսը դուք չեք գրել: Պետք է լրջորեն ընդունել, ասել՝ այո, հարց կա: Ասել եմ աղքատ է լեզուն: Հայերենը գեղեցիկ չէ այն առումով, որ աճում է շատ ավելի դանդաղ տեմպերով, քան մյուս լեզուները:  Հիմնական խնդիրն այն է, որ փորձում են ամեն ինչ թարգմանել, իսկ երբ թարգմանում ենք, օգտագործում ենք հին հայկական բառերը»,- պարզաբանել է Բագրատյանը:
Նրա պնդմամբ՝ աշխարհում տարեկան հայտնվում է 3-5 հազար բառ, դրանց ճնշող մեծամասնությունը կամ հայերիս վրա չի ազդում, կամ պարզապես թարգմանում ենք: Նախկին վարչապետի խոսքով՝ եթե աշխարհում ավելանում է 3000 բառ, մեզ մոտ կարող է ավելանալ 100-150 բառ: Հայերենը մյուս լեզուների հետ համեմատած կրճատվում է և քիչ գործածելի:
«Պաշտոնական հայերենը կամ այսպես կոչված «գրական» հայերենը,որը ոչ մի ստանդարտով սահմանված չէ, ավելի փոքր է դառնում: Եթե մտնում ենք գիտության ոլորտը, մասնավորապես՝ տնտեսագիտության ոլորտը, ապա կտեսնեք, որ այնտեղ սկսել ենք «Անիի ավերակներ» դարձնել գիտական լեզուն»,-հստակեցրել է Հրանտ Բագրատյանը և ավելացրել, որ շատ անհասկանալի է, շատ դժվար է մի միտք արտահայտելը: Հաճախ իր ասպիրանտների համար դժվարություններ են առաջանում թեզ պաշտպանելիս՝ թարգմանված տերմիններով աշխատելիս:
«Սա լուրջ խնդիր է, լուրջ խնդիր է հատկապես փոքր երկրների համար:  Այդպես էր նաև Խորհրդային Հայաստանի համար, օգտվելով առիթից, պետք է ասեմ «Սովետական Հայաստան», որովհետև ճիշտը դա է: Սա նույնպես թարգմանություն է, բառը ինստիտուտ է: Մեզ մոտ խորհուրդ բառն այդ իմաստը չի ունեցել: Այդտեղ «սովետ» բառը կառավարման ձև է՝ օրենսդիր կառավարման ձև»,-պարզաբանել է Հրանտ Բագրատյանը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել