Իրանը հերքում է՝ թուրքերի հետ համատեղ քրդերի դեմ գործողություններ չեն իրականացվի 
Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ Թուրքիա կատարած այցից հետո Էրդողանը հայտարարեց, թե երկու երկրների ԳՇ պետերի հանդիպման ժամանակ քննարկվել է PKK-ի և PJAK-ի դեմ համատեղ գործողություններ իրականացնելու հնարավորությունը:
Այս առնչությամբ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով քրդերի դեմ թուրք-իրանական համատեղ գործողություններ իրականացնելու մասին այս օրերին շրջանառվող տեղեկատվությունը:
ԻՀՊԿ-ն միևնույն ժամանակ ընդգծել է, որ PKK-ի դեմ Իրանի սահմաններից դուրս գործողություններ չեն իրականացվի, սակայն Իրանի սահմանների նկատմամբ որևէ սպառնալիք անմիջապես կչեզոքացնի:
Քրդերի հարցում ակնհայտ է, որ ամենից շատ մտահոգվող կողմը Թուրքիան է, և բնական է, որ Էրդողանն ահաբեկիչների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունն առաջին հերթին վերագրելու էր PKK-ին: 
Իրանական կողմը, մասնավորապես ԱԳՆ-ն քրդերի վերաբերյալ արտահայտվելիս ավելի շատ շեշտը դնում է Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացման անընդունելիության վրա, այլ ոչ թե քրդերի դեմ գործողություններ իրականացնելու: ԻՀՊԿ-ի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ այս պահին Իրանը քրդերի հարցում Թուրքիայի հետ պատրաստ է համագործակցել ավելի շատ քաղաքական դաշտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել