Tert.am-ը գրում է.
Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության  և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանը, թե իրանական գազի ներկրման ծավալների մեծացման  վերաբերյալ բանակցություններ չկան, իրականության համապատասխանում է:

Tert.am-ի հետ զրույցում նա հիշատակեց, որ ժամանակին ակտիվորեն ընթանում էին բանակցություններ իրանական գազի ներկրման վերաբերյալ, սակայն Հայաստանին ոչ ձեռնտու առաջարկներ ներկայացնելու պատճառով հայկական կողմը հրաժարվեց իրանական գազի ներկրման ծավալներն ավելացնելու առաջարկից, և կողմերը համաձայնության եկան «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց համագործակցություն» ունենալու շուրջ: Մասնագետը նկատեց, որ այս պահի դրությամբ իրանական գազի ծավալները մեծացնելու նպատակահարմարություն չկա՝ որակը ցածր է, գինը՝ բարձր:

Հիշեցնենք, որ Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհը վերջերս հայտարարել էր, որ Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ, հնարավոր է՝ նոր համաձայնագրով հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով, ինչը թույլ կտա իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին:

«Ես վարչապետի խոսքից հասկացա, որ բանակցություններ տեղի չեն ունենում: Հնարավոր է, որ իրանական կողմը ինչ-որ առաջարկներ է ներկայացնում, բայց կողմերը դեռևս բանակցություններ չեն սկսել: Ես այսպես եմ հասկանում»,- նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ մենք մի բանի վրա պետք է ուշադրություն դարձնենք՝ այն գազը, որ Իրանը արդյունահանում է, ինքն էլ սպառում է: «Խնդիրն այն է, որ Իրանը մեծ ծավալների ազատ գազ չունի: Նա տարեկան մոտավորապես 202 միլիարդ խորանարդ մետր գազ է արդյունահանում և մոտավորապես 201 միլիարդն ինքն էլ սպառում է: Հետևաբար` Իրանը խնդիր ունի նաև գազի արտադրման ծավալների մեծացման, սակայն հիմա էական տեղաշարժ չկա: Այստեղ հարց է առաջանում՝ իրենց որտեղի՞ց գազ, որ արտահանեն»:

Արմեն Մանվելյանը ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա ևս, որը նույնպես խնդրահարույց է դարձնում իրանական գազի՝ Հայաստան ներմուծման ծավալների մեծացման համար:

«Թուրքիային Իրանը գազն առաջարկում է մոտավորապես 400 դոլարով: Դրա համար էլ այդ երկիր ներմուծման ծավալները փոքր են, գոնե 10 միլիարդի կհասներ, բայց գինը բարձր է»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել