Հնդկաստանում քարերի նետման Gotmar փառատոնի ընթացքում 462 մարդ է վիրավորվել, նրանցից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է India Today-ը։

Փառատոնն անցկացվում է ամեն տարի, արդեն ավելի քան 3 դար։ Փառատոնի ժամանակ Սավարգաոն և Պանդհուրնա գյուղերի բնակիչները դուրս են գալիս Ջաան գետի ափեր։ Ազդանշանից հետո մարզիկները նետվում են մեջտեղում գտնվող կղզյակ՝ պոկելու ծառից կախված դրոշը։ Ափին մնացողները մրցակիցների ուղղությամբ քարեր են նետում։

Ավանդույթը ծագել է այն բանից հետո, երբ Պանդհուրնայից երիտասարդն աղջիկ է առևանգել, և գետը հատելիս նրանց ուղղությամբ քարեր են նետել։

Այս տարի քարերի նետման գործողությունը վերաճել է անկարգությունների։ Այն բանից հետո, երբ հավաքվածները սկսել են քարեր նետել ոստիկանների ու բժիշկների ուղղությամբ, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել