Մերօրյա նորաձևությունը միտումներ ունի անցյալի մոդային նմանվելու, քանի որ շատ տարրեր այժմ փորձում են համապատասխանեցնել անցյալին: Ձեզ ենք ներկայացնում հին աշխարհի նորաձևության 5 տարրեր:

1. Գուլպաներ և սանդալներ

Հռոմեական բանակի անդամներն իսկապես կրում էին գուլպաներ և սանդալներ, և ամենևին էլ չէին համարում դրանք վատ ճաշակ: Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են գտածոներ, րոոնք հռոմեացիներին հենց այս տեսքով են ներկայացնում: Շատերը կմտածեն, որ պատճառը Բրիտանիայի ցուրտ կլիման է եղել, սակայն ոչ, նմանատիպ գտածոներ հայտնաբերվել են նաև Եգիպտոսի տաք ավազների խորքում:

2. Դաջվածքներ

Դաջվածքներն այսօր էլ խոլահեղորեն տարածված են ողջ աշխարհում: Սա նոր թրենդ չէ, սակայն անցյալում մարդիկ ևս ակտիվորեն ներկել են մաշկը: Չիլիում գտնվել են հարյուրավոր մումիաներ, որոնք պատկանել են Չինչորո ցեղի մարդկանց շուրջ 4 հզ տարի առաջ: Ամենահին դաջվածքները պատկանել են Էցիների մի ներկայացուցչի, որի մարմինը սառեցվել է 5300 տարի առաջ, իսկ վերջերս գտնվել ալպիական սառցադաշտում: Մարմնի վրա եղել է 61 դաջվածք:

3. Օծանելիք

Նորաձևությունը ոչ միայն պետք է տեսանելի լինի, այն նաև կարելի է զգալ այլ զգայարանների միջոցով: Կիպրոսում՝ երկրաշարժից հետո մնացած ավերակների մեջ գտնվել է 4 հզ տարեկան օծանելիքի գործարան: Կավե սրվակների մեջ լցված օծանելիքների մնացորդները մերօրյա օծանագործներին հնարավորություն են տալիս հին հոտեր վերստեղծելու: Իսկ հին եգիպտացիները համարում էին, որ օծանելիքը արևի աստծու քրտինքն է: Նրանք անգամ ծաղիկների և հոտերի աստված ունեին՝ Նեֆերտումը:

4. Հին հռոմեական բիկինի

Յուրաքանչյուր հին հռոմեացի կին միանգամից կճանաչեր կանացի «զգեստապահարանի» այս դետալը: Նրանց համար բիկինին սպորտային հագուստ էր համարվում: Օրինակ՝ հին խճանկարներում կարող եք տեսնել տասնյակ սպորտսմենուհիների, որոնք լողազգեստին շատ նման հագուստ են կրում: Պոմպեյում անգամ հայտնաբերվել է Աֆրոդիտեի արձանը, որը ներկայացնում է սիրո աստվածուհուն ոսկե բիկինիով:

5. Կոսմետիկա

Հռոմեացի դրամատուրգ Պլավտն ասել է. «Առանց դիմահարդարման կինը նման է առանց աղի կերակրի»: Կոսմետիկ միջոցներն ունեն ավելի քան 10 հզ տարվա պատմություն: Դիմահարդարում կարող եք տեսնել հին եգիպտացիների վրա. յուրաքանչյուր դասի և՛ կանայք, և՛ տղամարդիկ աչքերին քսում էին սև ածխի հաստ շերտ: Դրանում պարունակվում էր թունավոր կապար, սակայն գեղեցկությունն էլ իր գինն ուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել