Հայաստանի տնտեսության մասին ավանդական պատկերացումը հետեւյալն է․ մոնոպոլիաներ, օլիգարխներ, դաբրոներ։

Ի՞նչ է սա նշանակում․ որ բիզնեսի շահութաբեր ոլորտները բաշխված են իշխանական որոշումներով եւ որեւէ մեկը չի կարող քիթը խոթել այդ գործերի մեջ, մուտք գործել այդ ոլորտներ։ Այս բանաձեւը այսօր էլ հայաստանյան տնտեսության թիվ մեկ բնորոշիչն է եւ ներդրումների հիմնական խոչընդոտը։ Նման իրողությունների գիտակցմամբ՝ արտերկրի, սփյուռքի ներդրողները անիմաստ են համարում Հայաստանում գործ սկսելը։ 

Նրանք գիտեն, որ որեւէ մեկը չի կարող շաքարավազ, բենզին, ցորեն, բանան, թռչնամիս ներկրել առանց իշխանության դաբրոյի։ Իսկ նման ներկրումների «դաբրո» ստանում են միայն իշխանության ներսի, իշխող վերնախավի թիմակից հանդիսացող մարդիկ, ովքեր անհրաժեշտ պահի քաղաքական եւ ֆինանսական ծառայություններ են մատուցում իշխանություններին, ու նաեւ այս պատճառով դե ֆակտո հարկային արտոնություններ եւ առավելություն են ստանում մրցակիցների նկատմամբ։

Սփյուռքի եւ օտարերկրյա «ոչ իշխանական» ներդրողների այս ընկալումները առավելեւս խտանում են բազմաթիվ ներդրողների՝ Հայաստանում «քցվելու» մասին հրապարակումներով եւ պնդումներով։

Սա է Հայաստանի տնտեսության հիմնական ընկալումն ու իրողությունը, բայցեւայնպես՝ Հայաստանի տնտեսության խորքում մեկնարկել են գործընթացներ, որոնք նոր տեսադաշտ եւ հնարավորություն են բացում մեր երկրի տնտեսական զարգացման համար։

հաջողության նոր պատմություններ

Որքան էլ տնտեսական դաշտը փակված է օլիգոպոլիաների կողմից, ձեւավորվել է գործարարության մի շերտ, որն, այնուամենայնիվ, կարողանում է գտնել, կամ ավելի ճիշտ ստեղծել նոր տարածքներ։ Տվյալ դեպքում՝ նկատի չունեմ վիրտուալ տարածքները, այլ խիստ հողեղեն, երկրային տարածքներ։ Եվ ուրեմն՝ խոսքը գործարար այն խավի մասին է, որը կարողանում է զբաղվել ոչ ակնհայտ բիզնեսով։

Բենզինի, շաքարավազի, հացահատիկի ներկրումն, օրինակ, ակնհայտ բիզնես է, որովհետեւ ակնհայտ է, որ մարդիկ հաց պետք է ուտեն։ Ու եթե դու հացահատիկի միակ ներկրողն ես, եւ իշխանությունը որեւէ այլ մեկին թույլ չի տալիս, որ հացահատիկ ներկրի, հավանականությունը, որ դու այդ բիզնեսով միլիոններ կաշխատես՝ գրեթե հավասար է հարյուր տոկոսի։

Բայց եթե դու բիզնես ես հիմնադրում ամայի մի տեղ, որն այնքան ամայի է, որ որեւէ օլիգարխի կամ իշխանավորի չի հետաքրքրել ու չի հետաքրքրելու տեսանելի ապագայում եւ կամ արել ես մի բան, որը ուրիշ ոչ ոք նախկինում չի արել ու հաջողություն ես ունեցել, սա արդեն բոլորովին նոր եւ ուրիշ ոլորտ է։ Սա այն դեպքն է, երբ քո հաջողությանը հավատում ես միայն դու, եւ քո միակ օգնականը հաջողության նկատմամբ քո ունեցած հավատն է։ Եթե հաջողությունը գալիս է ավելի շուտ, քան քո հավատը կսպառվի, դու հաղթեցիր, եթե հակառակն է, դու պարտվեցիր, ու ոչ ոք չի օգնի քեզ։

Հայաստանում, ուրեմն, ի հայտ են եկել ահա այսպիսի տրամաբանության վրա հիմնված ընկերություններ, որոնք ստիպում են խոսել իրենց մասին։ Եթե ոչ հեռավոր անցյալում Հայաստանի տնտեսական կյանքի առնչվող խոսակցությունները միայն այն մասին էին, թե ինչպես, օրինակ, մեկը փորձեց սոխ ներկրել, ու մաքսատանը այնքան ձգեցին, որ սոխը փչացավ, որովհետեւ ներկրողը չուներ ինչ-որ մեկի դաբրոն, հիմա արդեն տնտեսական իրողությունների մասին խոսակցություններում սկսում են ավելի ու ավելի հաճախ ներկա լինել այնպիսի ընկերությունների անուններ, ինչպես «Ապագատուրը» Ենոքավանում, «Քարահունջ» գրատուն-գինետունը Դիլիջանում, «Դարգետ» գարեջրատուն-ռեստորանը Երեւանում։

Խնդիրն այն չէ, որ մինչ այս Հայաստանում հանգստյան տներ, «քոթեջներ» կամ գարեջրատներ ու գինետներ չեն եղել։ Խնդիրն այն է, որ վերը նշված եւ էլի մոտ երկու տասնյակ հայաստանյան ընկերությունների հետ շփվելիս հասկանում ես, որ գործ ունես գործարար մի նոր մտածողության, նոր տիպի հետ, որը չի փորձել ինչ-որ մեկի վարորդի հետ մտերմանալով, սրան-նրան քսվելով ինչ-որ բան անելու դաբրո ստանալ, այլ որոշել է կառուցել իր սեփական աշխարհը, որը մարդկանց համար իրապես գրավիչ կլինի ու հարմարավետ, եւ որի ստեղծման արդյունքում կսկսվի մի նոր արտագաղթ՝ օլիգարխների տնտեսական աշխարհից դեպի այս նոր, հարմարավետ ու լավատես տնտեսական աշխարհ։

Այս մարդիկ, թերեւս, հասկացել են, որ անիմաստ է երազել սոխ ներկրելու մասին։ Գուցե ավելի շահավետ է եւ հաճելի՝ ձեզ հայտնի շրջանակների ներկրած կամ աճեցրած սոխն այլ կերպ կտրել եւ այլ կոմպոզիցիայի եւ միջավայրի մեջ մատուցել։

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել