Panorama.am-ը գրում է.

Արգելոցային ռեժիմում մարդու միջամտությունն օրենքով արգելված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե բնապահպան ակտիվիստները պնդում են, որ արգելվում է Խոսրովի անտառ արգելոցում որևէ ծառատունկ իրականացնել, նույնիսկ եթե այն անապատ դառնա: Նրանք նաև պնդում են, որ խոչընդոտելու են որևէ նման նախաձեռնություն` հնարավոր բոլոր քարոզչական մեթոդներով, ուստի ի՞նչ դիրքորոշում է որդեգրել նախարարությունը և ո՞րն է մասնագետների կարծիքն այս հարցում։

Նախարարի խոսքերով՝ բնապահպանների պնդումը հենց օրենքի պահանջ է:

Արծվիկ Մինասյանը միաժամանակ հայտնեց, որ քննարկում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման նոր պլանը:

«Ցանկանում ենք արգելոցի տարածքում ընդգրկել այնպիսի տարածքներ, որոնք ունենան ավելի թույլ ռեժիմ, ինչպիսին արգելավայրային ռեժիմներն են, և որտեղ` առանձին դեպքերում, թույլատրվում են վերականգնողական աշխատանքներ, բայց բուն արգելոցի տարածքում օրենքի պահանջ է, որ չի կարող որևէ ձևով արհեստական կամ մարդու միջամտությամբ բուսածածկ տարածք վերականգնել, դա բնության կանոններին դեմ է»,- ընդգծեց բնապահպանության նախարարը:

Պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է` արգելոցի մոխրացած տարածքը հետագայում հանձնվի որևէ այլ կազմակերպության, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ օրենքի պահանջ է, որ որևէ միջամտություն արգելոցում չլինի, նույնիսկ հետախուզման ենթակա չէ արգելոցի որևէ տարածք,  հակառակը` կառավարման նոր պլանով նախատեսվում է ընդլայնել հատուկ պահպանվող տարածքի սահմանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել