Tert.am-ը գրում է.
Tert.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցել է քաղաքական դաշտի պասիվության և ընդհանուր խճանկարի մասին: Հակոբյանը կարծում է, որ կան նաև մի շարք ընդդիմադիր համարվող ուժեր, որոնք խորհրդարանական ընտրություններից հետո ֆիասկո են ապրում: Նրա խոսքով` այս օրերին առաջ քաշվող շատ թեմաներ զուտ սոցիալական ցանցերը զբաղեցնելու համար են, օրինակ՝ փողոցների վերանվանման հետ կապվածը: Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ ավանդական, բոլորին հայտնի ընդդիմությունն իրեն սպառել է, իսկ նորը  դեռևս հայտ չի ներկայացնում: Հակոբյանը նշեց, որ հիմա շատ քաղաքական ուժեր մտածում են, թե որքանով է շահեկան իրենց գոյության իմաստը, որովհետև շատերը ժամկետանց են:

- Պարո՛ն Հակոբյան, քաղական դաշտում ի՞նչ պատկեր է, ինչո՞ւ է քաղաքական դաշտն այսքան պասիվ՝ հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ինչ-որ քաղաքական ուժ թեժ աշնան խոստումներ էր տալիս: 

- Քաղաքական դաշտը բավականին պասիվ է, դա պայմանավորված է հետընտրական շրջանով, քանի որ ընդամենը 3-4 ամիս առաջ տեղի  են ունեցել միակ համապետական ընտրությունները, որին էլ հաջորդել է ամառը: Այո՛, նախորդ տարիներին միշտ մի քաղաքական ուժ խոստանում էր թեժ աշուն, այս տարի, կարծես թե, որևէ մեկն այդ թեժ աշունն էլ չի խոստանում: Խնդիրը նրանում է, որ ընտրություններից հետո հաջորդող բնական հանգստությանը զուգորդվեց ամառային սեզոնը: Եթե մենք նայում ենք ընտրական զարգացումներին, հասկանում ենք, որ քաղաքական ընդդիմադիր դաշտում բավականին լուրջ վակուում է ձևավորվում: Հիմա կա խորհրդարանական ընդդիմություն, որն ինչ-որ չափով իր անելիքը պատկերացնում է, այսինքն՝ ունի կոնկրետ հարթակ, որտեղ կարևոր է դրսևորել իրեն՝ խորհրդարանում, ավագանում: Կան նաև մի շարք ընդդիմադիր համարվող ուժեր, որոնք խորհրդարանական ընտրություններից հետո ֆիասկո են ապրում, այսօր որևէ պատկերացում չունեն, թե ինչով են զբաղվելու ապագայում: Կարծում եմ՝ սա է պատճառը, որ սովորականից պասիվ քաղաքական ամռան ենք ականատես լինում:

- Որպես կանոն՝ սեպտեմբերից դաշտն ակտիվանում է, սակայն այսօր խորհրդարանական ուժերն էլ ինչ-որ առաջարկություն, նախաձեռնություն  չեն ներկայացնում, որոնք հասարակական հնչեղություն կունենան:

- Համաձայն եմ այս տեսակետի հետ: Սակայն նկատենք, որ  խորհրդարանական ընդդիմությունը համակարգային ընդդիմություն է, քանի որ մենք ունենք արտախորհրդարանական ընդդիմություն, որը սահմանադրական գործընթացներով չի պատկերացնում իշխանափոխությունը: Խորհրդարանական ընդդիմությունն ունի հարթակ, որտեղ կարող է ինքնադրսևորվել ու լինել ընտրողների աչքի առաջ: Միևնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը հասկանում է, որ  պետք է ձևավորել քաղաքական օրակարգ, քանի որ բուն քաղաքական գործընթացներին մասնակցելու համար ռեսուրսներ չունի, այսինք՝ վարչապետի նշանակման հարցում և այլ հարցում ռեսուրսներ չունի: Օրինակ՝ «Ելք» դաշինքն այս պահին փորձում է իր սեփական քաղաքական օրակարգը ձևավորել, որպեսզի իր մասին հիշեցնի: Ամռանն առնվազն մի քանի անգամ, գոնե, սոցիալական ցանցերում հետաքրքրություն առաջացնող  թեմաներ առաջ քաշեց «Ելք»-ը՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը և այլն, թեպետ միասնություն այս հարցում իրենց դաշինքում, կարծես թե, չկա: Այս քայլն էլ հիմնականում քաղաքական օրակարգ ձևավորելու փորձ էր, քանի որ հասկանում ենք, որ դժվար թե լուրջ գործընթաց դառնա: Առաջարկ եղավ նաև փողոցների վերանվանման հետ կապված, սա տիպիկ ամառային թեմա է, որոնք զուտ սոցիալական ցանցերը զբաղեցնել թեմաներ են:

- Քաղաքականությունն ու ընդդիմությունը միայն խորհրդարանում չէ, այս պնդումը խորհրդարանական ընտրություններից հետո նաև քաղաքական ուժերն էին անում: Առջևում նախագահը պետք է վայր դնի իր  լիազորությունները, վարչապետ պետք է փոխվի, մշտապես կա Արցախի խնդիրն, ինչպես ընդդիմադիրներ են ասում՝  երկրի տնտեսական վիճակը լավ չէ, սրանք քաղաքական օրակարգ դառնալու հարցե՞ր չեն ընդդիմության համար:

- Եթե խոսքը վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա այդ ընդդիմությունը, կարծում եմ, բավականին կազմաքանդված է: Այս ասպարեզում բավական լուրջ վակում կա, քանի որ զգացվում է՝ հին ընդդիմության դեմքերն իրենց սպառել են, ինչը ցույց տվեցին թե՛ ընտրական գործընթացները, թե՛ հետընտրական զարգացումների բացակայությունը: Ավանդական, բոլորին հայտնի ընդդիմությունն իրեն սպառել է, իսկ նորը դեռևս հայտ չի ներկայացնում: Քանի որ կազմաքանդված վիճակում է, սա է պատճառը, որ որոշ ուժեր հանդես են գալիս միավորման առաջարկով: Այսօր «Ժառանգություն» կուսակցությունն է միավորման, խոշորանալու առաջարկով հանդես գալիս, սակայն «Ժառանգությունն» ինքը լուրջ խնդիրներ ունի վերակայանալու, վերջին տարիների ձախողումներից հետո քաղաքական դաշտում իր տեղը գտնելու, կադրային համալրում անելու: 

Դժվար է պատկերացնել, որ իրենց շուրջ կարող է միավորում լինել, որովհետև սովորաբար միավորման կոչ անողն ինքն է առանցքը լինում, իսկ մենք հասկանում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգությունն», այդպես էլ չվերակեդանացող ՕՐՕ դաշինքը, նման  ռեսուրս չունեն: Այս  դաշինքն ամռանը հիմնականում զբաղված էր կենդանության նշաններ ցույց տալու փորձով, միշտ տեղեկատվական արտահոսք էր, թե ինչ-որ առասպելական, գաղտնի հանդիպումներ են լինում  միմյանց միջև, սակայն ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ի՞նչ հանդիպում էր ու ի՞նչ օրակարգ էր: Հիմա  շատ քաղաքական ուժեր մտածում են, թե որքանով է շահեկան իրենց գոյության իմաստը,  կոպիտ ասեմ, որովհետև շատերը ժամկետանց անց են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել