168.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման շուրջ:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-իհետ զրույցում ընդգծեց՝ այս հանդիպումից ամենամեծ ակնկալիքն այն է, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանվի։

«Ռուսաստանը՝ լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր և այդ եռյակից միակը, որը սահմանակից է տարածաշրջանին, իհարկե, պետք է ավելի մեծ շահագրգռվածություն և ջանքեր ներդնի, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանվի։ Թեպետ, ամբողջ եռանախագահությունը հանդես է գալիս միասնական տեսանկյունից, բայց այս յուրահատկությունը հաշվի առնելով՝ շատ կարևոր է, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանվի տարածաշրջանում, և Ռուսաստանն իր դիրքորոշումն ավելի հստակ ներկայացնի այս հարցում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Մեր այն հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը, որպեսզի Արցախը ևս բանակցային կողմ դառնա, Դավիթ Բաբայանն այսպես պատասխանեց. «Դա այնպիսի խնդիր է, որ վերջերս սկսել է շահարկվել։ Շատ հեշտ է պարզապես բղավել, որ Արցախը պետք է մասնակցի, պետք է այս անի, այն անի։ Այո, պետք է, իսկ ո՞վ է դեմ, ո՞վ չի ուզում, որ մասնակցի։ Բայց դա հո միայն ասելով և բղավելով չէ՞։ Այդ մասին անընդհատ բղավելը հայրենասիրություն չէ։ Իհարկե, այդ հարցն ամեն անգամ բարձրացվում է և՛ պաշտոնական Երևանի, և՛ պաշտոնական Ստեփանակերտի կողմից։ Եթե որևէ մեկն իր տեղը նստած՝ խոսելով և կարևորելով այս ամենը, կարծում է, թե այդ ամենը չի արվում պետության կողմից, չարաչար սխալվում է»։

Ըստ մեր զրուցակցի՝ դա բարդ գործընթաց է. «Անհրաժեշտ են և՛ համապատասխան ջանքեր, և՛ համապատասխան պայմաններ, որպեսզի մեզ համար ցանկալի զարգացումները տեղի ունենան։ Ներկա դրությամբ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի դա տեղի չունենա, շանտաժի է ենթարկում։ Սա է իրավիճակը։ Հիմա ի՞նչ անենք. տապալե՞նք բանակցային գործընթացը։

Ավելի լավ է գործընթացը տապալվի՞, թե՞ այս ձևաչափով ընթանա, մինչև մեկ է՝ վաղ թե ուշ վերականգնվելու է այս ձևաչափը, այլ տարբերակ չկա. առավել ևս, որ Արցախը մասնակցում է այդ գործընթացին։ Խաղաղության և կայունության տեսանկյունից, իհարկե, մասնակցում ենք այդ գործընթացին, և միշտ համանախագահները գալիս են Արցախ։ Իսկ ինչ վերաբերում է վերջնական կարգավորմանը, ապա դեռ վաղ է խոսել այդ մասին, բայց բացի դրանից՝ առանց Արցախի հնարավոր չի լինելու այդ հարցը կարգավորել։ Պարզապես պետք է մեր քրտնաջան աշխատանքը սառնասրտորեն տանենք, և մի օր դա տեղի է ունենալու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել