Եվրասիական տնտեսական միությունը չի հանդիսանում Ռուսաստանի քաղաքական նախագիծը և առհասարակ քաղաքական միավորում, նախագծի հիմքը տնտեսական ինտեգրումն է՝ հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ «Իսիկ-Կուլ 2017» տնտեսական ֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Կարող եմ ասել, որ այդ նախագիծը ծնվել է առավելապես Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ, նա դեռևս 90-ականների սկզբներին հետևողականորեն կողմ է արտահայտվել եվրասիական ինտեգրմանը»,-ասել է նա՝ նշելով, որ ցանկացած շահարկումներ այն մասին, թե դա պարտադրված է Ռուսաստանի կողմից կամ այդ նախագծի հիմքը քաղաքական է, սխալ են։

Առաջին փոխվարչապետը նաև պատմել է առևտրատնտեսական համաձայնագրերով առանձին երկրների հետ բանակցությունների ընթացքի մասին։ Նրա խոսքով՝ Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններն ընթանում են «բարդ», սակայն պետք է հնարավորինս արագ ավարտել բանակցությունները։ Ստորագրման մոտ է Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Ամենաբարդ և կարևոր բանակցությունները Չինաստանի հետ ավելի ընդարձակ ձևաչափով համագործակցության հնարավորության մասին համաձայնագրի նախապատրաստման շուրջ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել