Sputnikarmenia.am-ը գրում է.

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Twitter–ում մեկնաբանել է ԵԱՏՄ մաքսային գոտուն միանալու թուրքական ցանկությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի` ԵԱՏՄ մաքսային գոտուն անդամակցելու ցանկության մասին հայտարարությունը պարադոքսալ է, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Նախ, Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսված չէ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հավանականությունը։ Բացի այդ, պարադոքսալ է, որ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի կարգով փակել է Հայաստանի հետ սահմանը` միակ ցամաքային սահմանն իր և ԵԱՏՄ–ի միջև», – նշել է Քոչարյանը։

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին օգոստոսի 18-ին  հայտարարել է ԵԱՏՄ–ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման ու ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրության մասին։ Զեյբեկչին հայտնել է, որ Անկարայում հույս ունեն համապատասխան բանակցություններն ավարտել արդեն այս տարի։

«Առաջարկ կա, որ Թուրքիան սկսի բանակցել ԵԱՏՄ–ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման շուրջ`չխախտելով Թուրքիայի հետ համապատասխան համաձայնագիրը, Թուրքիան մտադիր է նաև այլ համագործակցություն հաստատել ԵԱՏՄ–ի հետ։ Համագործակցության մի շարք ուղղություններ կան` նավթաքիմիա, գյուղատնտեսություն և այլն, որոնք նոր ներուժ կբացահայտեն։ ՌԴ–ի և Թուրքիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը համագործակցության նոր մակարդակ և ներդրումներ կբերի», – ասել է Զեյբեկչին։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել