Որքան էլ որ զարմանալի, բայց ինձ համար սպասելի էր այն սունի արաբների կողմնորոշումը հանրաքվեի նկատմամբ, ովքեր բնակվում են Իրաքյան Քուրդիստանի և Իրաքի սահմանագլխին՝ Հեմրին լեռան շրջակայքում, որը մտնում է Քիրքուք նահանգի մեջ: Արաբական ցեղային առաջնորդները հայտարարություն են տարածել, որ ցանկանում են ապրել անկախ Քուրդիստանում: Հայտարարությունը ցեղային առաջնորդների անունից տարածել է սունի արաբների մոտ մեծ հեղինակություն վայելող Ջալալ Թալաբանին: Հատկանշական է, որ արաբ առաջնորդները Իրաքյան Քուրդիստանի ղեկավարին՝ Մեսութ Բարզանիին, դիմել են պարոն նախագահ եզրույթը օգտագործելով: Պետք է նշեմ, որ Քիրքուքը հավակնություն ուներ դառնալու ՈՉ-ի կենտրոնը, սակայն արաբների այս քայլով, կարծես թե ուժերի վերաբաշխում տեղի ունեցավ: Արաբական ցեղերի հայտարարությանն է միացել նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող արաբական ևս մեկ ցեղ՝ Նինովալը, որոնք նույնպես ընդունում են Բարզանիի իշխանությունը և Քուրդիստանի անկախությունը: 
Հայտարարության մեջ ասվում է, որ իրենք քրդական պետության մեջ կարող են ապրել ավելի ապահով, որ իրենց իրավունքներն ավելի պաշտպանված է Իրաքյան Քուրդիստանում, քան ողջ Իրաքում: Ինչպես նաև նշում են, որ միայն Իրաքյան Քուրդիստանում կա 5 պաշտոնական լեզու, որը համարվում է յուրաքանչյուր ազգի մայրենի լեզուն: Ինչպես նաև մատնացույց են անում 8 կրոնական ղեկավարներից կազմված հոգևոր խորհուրդը, որտեղ 8 տարբեր կրոնների հոգևոր ներկայացուցիչներ կառավարում են Իրաքյան քուրդիստանի հոգևոր կյանքը: 
Մի խոսքով Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին կողմ են նաև սունի արաբները, ի տարբերություն նույն Քիրքուքում բնակվող քրդերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել