Ակնհայտ է, որ հայկական և իրանական կողմերը աշխատանք են տանում երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների համագործակցություն ստեղծման ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նկատելով, որ եթե մենք հաշվի առնենք վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերություններում առկա գործընթացները՝ թե՛ Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի ստեղծման համաձայնագիրը խորհրդարանում վավերացնելը, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի այցը Մեղրի և նրա կողմից ստորագրված համաձայնագրերը, կտեսնենք իր ասածի ճշմարտացիությունը:

«Աքբար Թորքանին հետաքրքիր հայտարարություններով հանդես եկավ: Դրանք վերաբերում էին թե՛ երկկողմ հարաբերություններին, թե՛ նաև Հայաստանի միջոցով Եվրասիական շուկաներ դուրս գալուն և տարբեր ծրագրերում նաև Վրաստանին ներգրավելուն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։

Անդրադառնալով դիտարկումներին, թե հայ-իրանական հարաբերությունների բարիդրացիական լինելը ոչ մի դրական տեղաշարժ չի առաջացրել երկու երկրների տնտեսական հարաբերություններում, նա նշեց, որ դրանք այնքան էլ իրականությունը չեն ներկայացնում: «Հայաստան-Իրան հարաբերությունները գրանցել են իրական տեղաշարժեր: Ամենակարևորն այն է, որ մենք ունենք պարբերական գործընթաց՝ զանազան ոլորտները կարգավորող իրանցի պաշտոնյաների այցը Հայաստան չի դադարում: Հակառակ ուղղությամբ այցերն էլ են հաճախակի դարձել»,- ասաց նա:

Վարդան Ոսկանյանը հիշատակեց, որ իրանցիները վարում են սեփական շուկայի հովանավորության հստակ քաղաքականություն և այդ պատճառով է, որ փակ են այլ շուկաների համար: Նկատեց, որ նաև հայկական շուկայի ապրանքատեսականին այնքան էլ մեծ չէ, և քիչ ապրանքներ կան, որ կհետաքրքրեն իրանական շուկային:  

«Այստեղ կարևոր է՝ իրանական հնարավորությունների օգտագործումը Հայաստանի ներսում ներդրումներ ապահովելու համար: Այս համատեքստում Հայաստանը կարող է լինել հրապուրիչ՝ հաշվի առնելով մեր ունեցած կապերը թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե Եվրամիության երկրների հետ »,- ասաց նա:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել