Tert.am-ը գրում է.

Ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը 5-6 տարի առաջ Հայաստանից հեռանալուց և 1 տարի գործող կառավարության աշխատանքից հետո էլ Հայաստանի բիզնես մթնոլորտում փոփոխություններ չի տեսնում: Ըստ նրա՝ երկրում արդարադատություն չկա, և տրամաբանորեն չի կարող լինել վստահություն, որպեսզի ներդրումներ լինեն: Գործունյանը նշեց, թե Հայաստանը կորցրել է սփյուռքի վստահությունը, որովհետև սփյուռքը գիտի իրականությունը Հայաստանի մասին: 

- Տիկի՛ն Գործունյան, 5 -6 տարի առաջ հիասթափված գնացիք Հայաստանից՝ ասելով, որ «քանի դատական համակարգում ոչինչ չի փոխվել,  խելառը կգա Հայաստան ներդրումներ անելու»: Հիմա, երբ Ձեր հեռանալուց հետո Հայաստանում 2-3 վարչապետ փոխվեց, նոր կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, շուրջ մեկ տարի աշխատում է, ի՞նչ ազդակներ եք ստացել, մթնոլորտ փոխվե՞լ է:  

-Ես որևէ փոփոխություն չեմ տեսել, գոնե արդարադատության մեջ մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչքան քաղաքականացված է ամեն ինչը: Եթե արդարադատություն չկա, ուրեմն վստահություն չկա, իսկ եթե վստահություն չկա, ուրեմն ներդրում էլ չի կարող լինել Հայաստանում: Ներդրումների համար Հայաստանում ամբողջ տնտեսական համակարգն անկարելի է։ Ես միշտ ասել եմ, որ եթե ուզում են որևէ բան փոխել, պետք է օր առաջ վստահություն ստեղծեն, և միայն այդ դեպքում տնտեսությունը կաշխատի, ներդրումներ կգան: Եթե երկիրը դեմոկրատիա չունի, չունի արդարադատություն, ուրեմն՝ չունի ոչինչ:

-Այսինքն՝ ներդրումները խրախուսելու վարչապետի ջանքերը, որ ինքն անձամբ է երաշխավորում, բավարա՞ր չեն:

-Ես չգիտեմ՝ վարչապետն ինչ կարգի երաշխիք է խոստանում, բայց դա որևէ արդյունք ունեցա՞վ, բերե՞ց որևէ ներդրում, Դուք տեղյա՞կ եք, որևէ կարգի ներդրում իրեն հաջողվե՞լ է բերել. մենք չլսեցինք նման բան, որ ինչ-որ խոշոր ներդրում լինի։ Չհաշվենք սիրիահայերին, ովքեր ստիպված են Հայաստան գալ և փորձել ինչ-որ բան անել՝ հավատալով վարչապետի ասածներին: Ես չեմ լսել, բայց և կարող է, չգիտեմ...

- Վերջերս հայտարարվեց, որ Համահայկական բանկը փակվում է՝ վերակազմավորման նպատակով: Հնչեցին տեսակետներ, որ պատճառն այն է, որ սփյուռքի աջակցությունը ակնկալվածից շատ քիչ էր: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է սփյուռքը հայրենիքին վերաբերող ծրագրերին ավելի ու ավելի քիչ մասնակցություն ունենում, թե՞ իրականում այդ գումարները գալիս են, ուղղակի նպատակին չեն ծառայում:

-Սփյուռքը գիտի իրականությունը Հայաստանի մասին, բայց իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն։ Ես միշտ դժգոհում եմ մեր դրսի հայերից, որովհետև գտնում եմ, որ անտարբեր են հայրենիքի նկատմամբ, կարող է՝ գալիս են արձակուրդ, 10-15 օր մնում են Երևանում, քեֆ են անում ու վերադառնում են Ֆրանսիա կամ այլ երկիր, բայց լուրջ վերաբերմունք հայաստանյան իրականության նկատմամբ՝ չկա, շատ անտարբեր է ժողովուրդը։ Բայց դա էլ իր պատճառն ունի, որովհետև գիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում, դա է խնդիրը: Քանի տարի Սփյուռքը լսում է, տեսնում է, գիտի որ Հայաստանում չեն կարող աշխատել, հնարավոր է գան, իրենց համար տուն գնեն կամ հարկաբաժին առնեն և ասեն, որ Հայաստանում տուն առել ենք, բայց աշխատանք դնել Հայաստանում, ո՞վ կվստահի, ոչ ոք: 

- Դուք ժամանակին հարցադրումներ էիք անում, որ Հայաստանի հարցում Ռուսաստանի «մատը խառն է», այդ երկիրը թույլ չի տալիս, որ Հայաստանում փոփոխություններ տեղի ունենան: Շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին:

-Ես չեմ ասում, որ Ռուսաստանը չի թողնում, համոզված եմ, որ եթե քաղաքական մարդիկ ուզենան փոխել, իրենք ստեղծեն լավ համակարգ, անշուշտ նաև Ռուսաստանի հետ, կարող են։ Բայց Հայաստանում այդպես չէ, և կարծում եմ՝ Հայաստանում համակարգն ավելի փչացած է, քան Ռուսաստանի համակարգը, մեր քաղաքական անձնավորություններն իրենց գրպանն են սիրում, երկրի համար ի՞նչ են անում: Հեռվից տեսնում էի, թե Հայաստանում ինչ անտառների հրդեհներ եղան, և Հայաստանը միջոցներ չուներ կրակը մարելու։ Ռուսաստանից խնդրեցին ինքնաթիռ, բայց ամոթ է, մենք պետությո՞ւն ենք, թե չէ։ Տեսա, որ ձեռքով էին փորձում կրակը մարել, դա վիրավորական է, այսինքն՝ մենք չկարողացանք 25 տարվա մեջ ստեղծել նորմալ պետություն և ունենալ այնպիսի ղեկավարություն, որն ինքը նախ և առաջ մտածի իր երկրի, իր ժողովրդի, հետո արդեն այլ բաների մասին: Չգիտեմ ինչու, մի՞թե արժանի չենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել