Tert.am-ը գրում է.
«Բիզնես-օմբուդսմենի» ինստիտուտի ստեղծման վերաբերյալ հայ գործարարները տարբեր կարծիքներ ունեն:   

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե «պաշտպանեն բիզնեսի շահերը, ապա լավ կլինի», բայց նկատեց, որ չկա որևէ երաշխիք, որ այս ինստիտուտը կպաշտպանի բոլոր գործարարների շահերը: 

«Եթե պաշտպանեն, լավ կլինի, բայց եթե ոչ մեկի շահերը չպաշտպանե՞ն: Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ի՞նչ է անում, եթե մրցակցությունը խախտված է... Ես համաձայն եմ ցանկացած կառույցի ստեղծմանը, եթե այն օգուտ կտա, եթե գործի օրենքի տառին համապատասխան: Եթե չեն պաշտպանում օրենքի տառը, ո՞ւմ են պետք այդ կառույցները»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:  

Վերջինս նշեց, որ ազատ մրցակցություն ապահովող որքան կառույց ենք ունենում, այնքան խնդիրներն ավելանում են, մրցակցությունը շարունակում է խախտված մնալ: Նախկին պատգամավորն օրինակ բերեց դատական իր գործը, ասաց, որ առաջին ատյանում դատը հաղթել են, հետո որոշումը բողոքարկվել է ու հիմա պետք է քննվի Վճռաբեկ դատարանում:

«Եթե մի երկրում դատական համակարգը նման վիճակում է, ո՞նց կարող է ժողովրդի շահերը պաշտպանվեն: Դատարանը չէ՞որ ժողովրդական է: Եթե ժողովրդի շահերը չես պաշտպանում, էլ ի՞նչ… Ազատ մրցակցություն, հավասար պայմաններ Հայաստանում չկան: Մոնոպոլիա կա ու վերջ: Եթե օրենքի գերիշխանություն չկա, ո՞նց կարելի է մնացած բաները պաշտպանել, հենց դատարանում անգամ չկա: Ես զարմանում եմ՝ քանի տարի է մենք խոսում ենք, որ մրցակցություն չկա, բայց ոչինչ չի փոխվում: Ուրեմն իրենց ձեռ է տալիս, որ այդպես մնա: Էդ փոխողներին ուրեմն ձեռ է տալիս… Ճառեր կարելի է ասել, բայց փոխել է պետք»,- շեշտեց Աշոտ Աղաբաբյանը:

Ըստ նրա՝ մարդիկ չպետք է իրենք իրենց խաբեն ու պիտի խոստովանեն, թե ինչու հավասար մրցակցային պայմաններ բոլոր գործարարների համար չեն ստեղծվում: 

«Պաշտոն են տվել, եթե այդ պաշտոնով հարստանում ես, բիզնես ես սարքել այդ պաշտոնը, ոչ թե հաց ես վաստակում, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք: Օրենքի սահմաններում պետք է պաշտպանվեն բոլորի շահերը, իսկ եթե չեն պաշտպանվում, ուրեմն օրենքը չի գործում»,- ասաց Աղաբաբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել