Ես անձամբ «Հրապարակ»-ի լրագրողներին բազմիցս զգուշացրել եմ, որ բանակն ու անվտանգությունը ձեր բանը չեն, զբաղվեք բամբասանքներով, ձեր դեղնականաչավուն մակարդակը բանակին չի ձգում: Սակայն այս անգամ «Հրապարակ»-ն ինքն իրեն գերազանցեց: Ներկայացրել են մի կնոջ, որը իբրև Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ-ի շրջանավարտ է: Լավ, ասենք՝ ինքը այդպես էր ասում, բա դուք չտեսա՞ք, որ հիվանդ մարդու վրա ծիծաղել չի կարելի: Հետո սկսվում է ամենազավեշտալին. «…Երեք տարի է՝ ծառայում է Մատաղիսում։ Նա դիպուկահար է, վաշտի հրամանատար»: Դիպուկահարի համար ինստիտուտ չեն սովորում, վաշտի հրամանատարն էլ արդեն դիպուկահար չի լինում, իսկ առաջնագծի զորամսում վաշտի կին հրամանատարը, զինվորական լեզվով ասած, ուղղակի ԱԳՍ-ի համազարկ էր: 
Չնայած ում ինչ եմ ասում, «Հրապարակ»-ն՝ ուր, զինվորական լեզուն ու համազարկը՝ ուր: Ներկայացնենք շարունակությունը․ «․..Գնացել եմ Ջաբրայիլ, հրամանատարը մոտիկ ընկերս է՝ Արմեն Գյոզալյանը»: Ջեբրայիլում նման հրամանատար ուղղակի չկա: 
«Մատաղիսի հրամանատար Հայկ Ամիրխանյանին, ըստ մեր զրուցակցի, հանել են պաշտոնից, տարել, Հայաստանի մեկ այլ զորամասում նշանակել հրամանատար։ «Հայկ Ամիրխանյանին մենք շատ լավ գիտենք։ Քանի անգամ տագնապ է եղել, Հայկ Ամիրխանյանը նույնիսկ զորամասում էլ չի եղել, չի էլ իմացել, թե ինչ բան է դիվերսիան։ Այդ մարդուն ոչ միայն պատասխանատվության չենթարկեցին, այլ նա մտավ ՀՀ նախագահի մոտ եւ մեդալով դուրս եկավ։ Ինչի՞ հիման վրա նա ստացավ այդ մեդալը եւ նշանակվեց երրորդ կորպուսի հրամանատար։ Կարող եմ ասել, որ Հայկ Ամիրխանյանը Սերժ Ազատի Սարգսյանի բարեկամն է»:
Մատաղիսում երբեք Հայկ Ամիրխանյան հրամանատար չի եղել և դա ծանոթ զինվոր ունեցող յուրաքանչյուր լրագրող մի րոպեում կարող է ճշտել: Եթե որևէ բամբասանք ներկայացնելու հարց լինի, կարող են զանգել, ասել, որ իրենց բարեկամը այնտեղ է ծառայում: Հասկանալի է, որ խոսքը Հարություն Ամիրխանյանի մասին է, սակայն վերջինս ՀՀ նախագահի կողմից որևէ պարգև չի ստացել և առավել ևս՝ չի նշանակվել երրորդ կորպուսի հրամանատար: Սակայն այստեղ էլ բանակի «գիտունների» ֆանտազիաները չի ավարտվում, մյուս զորամասի հրամանատարին էլ նրանք նշանակել են այլ կորպուսի հրմանատար, ինչը ևս իսկը «Հրապարակ»-ի մակարդակով է: 
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարեկամը չէ, իսկ գերագույն գլխավոր հրամանատարի դիրքերից իմացության մասին նշելը առնվազն «Հրապարակ»-ի իրական մակարդակն է: Նորից եմ ասում՝ հիվանդ մարդուն օգտագործելը առնվազն անհասկանալի է: Ի՞նչ ասել է՝ նախարարը եկել է տագնապի ժամանակ։ Ինչու պիտի նախարարը տագնապի ժամանակ կանգնի դիրքում, դա հենց բանակից ու ծառայությունից ոչինչ չհասկանալու հետևանք է: Տագնապի ժամանակ հրամանատարը իր տեղն ունի, զինվորն՝ իր տեղը:

«Հրապարակ»-ի նյութերից մի տեսակ միտումնավորություն է զգացվում, որ փորձում են այնպես անդրադառնալ բանակի թեմաներին, որ «թուրքերը վերցնեն ու ուրախանան»։

Հ.Գ. Հարրի Փոթերն էլ, ի դեպ, զինվորի տարիքի կարդալու բան չէ, զինվորներն այդ տարիքում այլ բան պիտի կարդան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել