Հայաստանում արտադրված խաղողը 2017 թվականին կլինի մոտավորապես 80 հազար տոննայի սահմաններում:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

ՀՀ-ում խաղողի արտադրության ծավալների վերաբերյալ ներկայացված պաշտոնական թվերն արտադրության ծավալների իրական թվերից տարբերվում են:

«Պաշտոնական թվերով գրեթե միշտ այնպես է, որ 200 հազար տոննա խաղող ենք արտադրում, սակայն մեր պոտենցիալն առավելագույնը 100 հազար է, այս թիվը երբեք չի գերազանցվել: Այս տարի խաղողը կլինի մոտավորապես 80 հազար տոննայի սահմաններում, բայց կունենանք 75 հազար տոննա խաղող խմիչքի արտադրության համար: Նվազման պատճառն այն է, որ ֆինանսական խնդիրներ կային, մարդիկ չկարողացան ծածկել այգիները, և ցրտահարության պատճառով բերքը քիչ եղավ: Սրանից 10 հազար տոննան վտանգված է, քանի որ կարող է մթերման խնդիր առաջանալ»,- նշեց  Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Կառավարությունը 140 դրամ գին է սահմանել, իսկ սա ռիսկի տակ կդնի մոտ 30 հազար տոննան: Եթե գինը 110 դրամ սահմանվի, ապա ռիսկային կլինի 5-6 տոննան: Գինու ազգային կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ հանձման ամենաօպտիմալ գինը 127 դրամն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել