168.am-ը գրում է.

Իրանի ընդդիմադիր առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը գտնվում էր տնային կալանքի տակ, դադարեցրել է հացադուլն այն բանից հետո, երբ կառավարությունը համաձայնել է նրա տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան:

Նրա տվյալներով՝ Քյարուբին հանդիպում է ունեցել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հազիզադե Հաշեմիի հետ և որոշակի հավաստիացումներ ստացել նրանից, ինչից հետո դադարեցրել է հացադուլը: Նախօրյակին հաղորդվել էր, որ Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախկին խոսնակ և ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին, օգոստոսի 17-ին հոսպիտալացվել է այն բանից գրեթե մեկ օր անց, երբ հացադուլ է հայտարարել:

Ընդդիմադիր գործիչը հացադուլ էր սկսել իր գործով դատական լսումների ամսաթիվը որոշելու պահանջով: Սակայն ավելի ուշ Քյարուբիին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշել են արյան բարձր ճնշում: Քյարուբիի կինը հայտարարել է, որ նա նաև պահանջել է իր տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին և ապամոնտաժել իր բնակարանում տեղադրված տեսախցիկները:

Ընդդիմադիր գործիչը 2011 թվականից ի վեր գտնվում է տնային կալանքի տակ բողոքի այն գործողություններին մասնակցելու համար, որոնք երկրում անցկացվել են 2009 թվականին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել