Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ընդունում է այնպիսի ձևեր, որ այն Թբիլիսիին դարձնում է ՌԴ-ին «զսպելու» դաշինքի քաղաքականության մասնակից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։

Նա նշել է, որ, ցավոք, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բարիդրացիական երկխոսություն ծավալելու փոխարեն Թբիլիսիում շարունակում են պնդել այդ տարածքների` ՌԴ-ի կողմից «օկուպացված» լինելու մասին։

Դիվանագետը հիշեցրել է, որ միայն նախորդ տարի Վրաստանի տարածքում տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի անդամ-երկրների մասնակցությամբ երեք զորավարժություններ։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասի տարածքում։
ՌԴ-Արևմուտք «սառը պատերազմը» աստիճանաբար տեղափոխվում է Հարավային Կովկասի տարածաշրջան, և չի բացառվում, որ, ինչպես Դոնբասում, Արևմուտք-ՌԴ պատերազմն ընդունել է proxy war-ի բնույթ, և այս անգամ արդեն Վրաստանը կփորձի Աբխազիայի ու Հվ. Օսիայի «հարցերը» լուծել ռազմական գործողություններով`2008թ.-ի օրինակով ստանալով Վաշինգտոնի ու Բրյուսելի «կանաչ լույսը»։

Սակայն Աբխազիայի ու Հվ. Օսիայի անվտանգությունը նոր համաձայնագրերով ապահովում է ՌԴ-ն։ Սուխումիի և Ցխինվալի վրա հարձակումը կնշանակի հարձակում ՌԴ-ի վրա, ու Մոսկվան աբխազական և օսական տարածքներում գտնվող իր ռազմական ներուժի, ինչպես նաև Հարավային ռազմական շրջանի` Հյուսիսային Կովկասից թարմ ուժերի շնորհիվ Վրաստանին պարտության է մատնելու` «խաչ քաշելով» Վրաստանի` տարանցիկ երկիր, «միջանցք» դառնալու երազանքների վրա, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Կենտրոնական Ասիա-Կովկաս-Թուրքիա-ԵՄ ուղղության վրա։ Վրաստանը շատ լավ գիտակցում է, թե ինչ կարժենա Աբխազիայի ու Հվ. Օսիայի վրա հարձակումը թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-քաղաքական իմաստներով, մնում է՝ Թբիլիսիում քաղաքական վերնախավը չտրվի Արևմուտքի սին խոստումներին, աջակցության և մի քանի «ամսից» ՆԱՏՕ-ի անդամ դառնալու առաջարկություններին։

ՌԴ-ն երբեք թույլ չի տա Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. դա կնաշանակի «շրջապատվել» դաշինքի ռազմակայաններով նաև հարավից` Հյուսիսային Կովկասի հարևանությամբ, վրացական ափերին կհայտնվեն ՆԱՏՕ-ի ուժեր, ինչը կտրուկ փոխելու է ռազմական բալանսն այս տարածաշրջանում։

Ինչ մնում է ՀՀ-ի շահերին, ապա Երևանին ձեռտնու չէ Հարավային Կովկասում նոր «բաժանարար գծերի» առաջացումն ու ռուս-վրացական պատերազմը։ ՀՀ-ն այս պարագայում հայտնվելու է ծանր իրավիճակում. ՀՀ-ի «կյանքի ճանապարհը» անցնում է Վրաստանի տարածքով, Վրաստանում բնակվում է բավականին մեծ հայկական համայնք։ Հայեր են բնակվում նաև Աբխազիայում ու Հվ. Օսիայում, բացի այդ՝ ՌԴ-ն ՀՀ-ի դաշնակիցն է, ու կարող է բարձրացնել Գյումրու ռազմակայանը Վրաստանի դեմ օգտագործելու հարցը։ Եթե ռուսական զորքերը ՀՀ-ից հարվածեն կամ մուտք գործեն Վրաստան, հայ-վրացական հարաբերությունները կխզվեն, ու հենց դա է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը` վերջնականապես շրջափակել ՀՀ-ն այս անգամ նաև հյուսիսից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել