Tert.am-ը գրում է.
 Թուրքիայում հրապարակվող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Թուրքիայում առկա կրոնական փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականության շուրջ առաջին անգամ չէ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատություններով է հանդես գալիս: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ զեկույցն առանձնապես քննարկման թեմա չի դարձել Թուրքիայում, այն հետաքրքրական էր հայերի համար, քանի որ ակնարկներ կային, որ Պոլսո պատրիարքարանի ընտրությունների անցկացմանը Թուրքիայի իշխանությունները միջամտություններ ունեցել են:

 «Դա կրոնական ազատության նկատմամբ ոտնձգություն է: Զեկույցում նաև ակնարկներ կան, որ քրիստոնյա եկեղեցիներն իրենց հոգևորականներ պատրաստելու միջոցներից զուրկ են: Հատուկ ակնարկներ կան նաև Հունաց եկեղեցական պատրիարքարանի հոգևոր ճեմարանի գործելուն արտոնություն չտալու խնդրի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ զեկույցում անդրադարձ կա նաև պետության կողմից հափշտակված կալվածքների վերաբերյալ:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հրապարակել է իր տարեկան  զեկույցն աշխարհում եղած կրոնական ազատությունների վերաբերյալ: Այստեղ, ի թիվս այլ երկրների, քննարկվել են նաև Հայաստանում և Թուրքիայում առկա կրոնական ազատությունները խոչընդոտող գործոնները:  Զեկույցում նշված է նաև Մեծի տան Կիլիկիոյի կաթողիկոսության հայցի մասին, որով Թուրքիայից պահանջում է վերադարձնել 1915 թվականին զավթած Սիսի կաթողիկոսական նստավայրը:

Բագրատ Էստուկյանը նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կրոնական փոքրամասնությունների մասին տեղեկատվությունը դեսպանատներից է ստանում, իսկ վերջիններս կապի մեջ են երկրներում եղած կրոնական կազմակերպությունների հետ: «ԱՄՆ դեսպանատնից Պոլսո պատրիարքարան էլ են գնացել, քննարկել եղած խնդիրները, և իրենց տեղեկագրերով տեղեկությունները փոխանցել են ԱՄՆ պետքարտուղարությանը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել